Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարոն Մարգարյանը խոստացավ ու չեկավ (տեսանյութ)

Հասարակություն
Dalma

Դալմայի այգիների հողօգտագործողներն այսօր կրկին Կառավարության շենքի առաջ էին: Նրանք արդեն 11 տարի է` պայքարում են իրենց իրավունքների համար: «Ա1+»-ի հետ զրույցում «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն ասաց, որ դիմել են բոլոր պետական մարմիններին, բայց խնդրին ոչ մի լուծում չի տրվել. «2008 թվականի որոշմամբ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովը հանձնարարել էր Հայաստանի իշխանություններին «Օրհուսի» կոնվենցիայի համաձայն՝ փոխհատուցել հողօգտագործողներին պատճառած վնասները, սակայն ապարդյուն»: Տիկին Ռուզաննան ցավով նշեց, որ Դալմայի այգիներն այլևս նախկին չափերը չունեն և մնացած մասն էլ ժամանակի հետ կդառնա շենքեր, մայրուղիներ և սրճարաններ. «Սա երևանցիների անտարբեր վերաբերմունքի արդյունքն է»։ Նրանց հիմնական պահանջն այն է, որ երկրի ղեկավարությունը, որը 2000 թվականին ստորագրել է այդ կոնվենցիան, ինքը դիմի դատարան և փոխհատուցման հարցը լուծի: Մեզ հետ զրույցում Դալմայի հողօգտագործողներից մեկը՝ Զոյա Գաբրիելյանը, նշեց, որ արդեն 11 տարի է՝ իրենք պայքարում են բոլոր հարթություններում և եթե իրենց հարցին լուծում չի տրվում, ապա դա նշանակում է, որ «կառավարությունում բոլորը խուլ են, կույր են կամ անհասկացող են։ Ես մենակ մի բան կասեմ, որ մեզ ազգի թշնամին հենց մեր կառավարությունն է»։ Ի դեպ, կառավարության այսօրվա նիստից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հողօգտագործողներին խոստացել է, որ նիստից հետո կզրուցի իրենց հետ, սակայն նիստից հետո այնքան ժամանակ դուրս չի եկել շենքից, մինչև բնակիչները հեռանան։ Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ նրանց խոստացել է ընդունել վաղը։