Սայաթ-Նովայի բնակիչները դիմել են դատարան
Սայաթ- Նովա 10-12 շենքերի բնակիչները հույս ունեն, որ գոնե դատարանում կհասնեն հաջողության։ Արդեն 8 ամսից ավելի է՝ շենքի բակում լարված իրավիճակ է։ Շենքի բակի նախկին կաթսայատան տեղում «Լարկո գրուպ» ընկերությունը մտադիր է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել։ Բնակիչների ներկայացուցիչ Ալբերտ Կանդանյանը պնդում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է անօրինական փորձագիտական եզրակացությունների հիմքի վրա եւ չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին. «Պետք է կասեցնել շինարարությունը, մինչեւ հասկանանք, թե ինչ է լինելու։ Ծանր պայքար է լինելու, բայց հուսով ենք, որ կհասնենք հաջողության»,-«Ա1+»-ին ասաց փաստաբան Ալբերտ Կանդանյանը։ Նրա խոսքերով՝ որոշումն ընդունվել է գաղտնի՝ առանց բնակիչներին տեղյակ պահելու, ինչն արդեն խախտում է. «Հայցադիմումը 11 էջանոց է, պատկերացրեք քանի խախտում է ներկայացված այնտեղ»։ Չնայած Ալբերտ Կանդանյանը պայքարում է ապօրինի շինարարության դեմ, սակայն նրան եւս զարմացնում է այն հանգամանքը, որ այս 8 ամիսների ընթացքում բազմահարկ շենքի միայն հիմքն է դրվել։ «Նրանք էլ են հասկանում, որ այդ տարածքում շինարարություն կատարելը աբսուրդ է։ Նույնիսկ նորմալ տեխնիկա չեն կարողանում ներգրավել այդ տարածքում, որ աշխատեն։ Մեծ, ահռելի գումարներ են դրված այդ շինարարության մեջ, եւ նրանք չեն կարողանում նույնիսկ ֆունդամենտը ավարտել՝ այդքան գումար, ադմինիստրատիվ ռեսուրսներ ունենալու պարագայում։ Եթե այնտեղ խնդիրներ չլինեին, գոնե 3 հարկը մենք տեսած կլինեինք»,- հավելեց նա։ Ի դեպ, շենքի բնակիչները դիմում են նաեւ Գլխավոր դատախազությանը, որպեսզի այս փաստով քրեական գործ հարուցվի։ Իսկ երեկ բակում փլուզում է արձանագրվել։