Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ սահմանի դեպքերի մասին

Քաղաքականություն
Djonatan

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առաջնագծում բախումների մասին տեղեկություններով և ցավում է այն զոհվածների համար, ովքեր ներգրավված են եղել այդ բախումներում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը: «Բրիտանական կառավարությունը և Մեծ Բրիտանիան օժանդակում են Մինսկի խմբի գործընթացին, և մենք անհամբեր սպասում ենք՝ լսելու այսօր Փարիզում կայանալիք՝ Ձեր երկրի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքների մասին»,- նշեց Ջոնաթան Էյվսը: Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին: Հունվարի 23-ին Ադրբեջանի կրակոցների հետևանքով Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղում վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Իսկ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի իրականացրած դիվերսիայի հետևանքով հերոսաբար զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, վիրավորվել այլ զինծառայողներ: Հայկական կողմն անպատասխան չի թողել այս թշնամական գործողությունները: Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող բախումներին՝ Ջոնաթան Էյվսն ասաց, որ Բրիտանիայի կառավարությունը կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ որևէ գործողությունից, և մտահոգություն հայտնում վերջերս Ուկրաինայի ընդունած որոշ օրենսդրական ակտերի վերաբերյալ, որոնք հակասում են Ուկրաինայի՝ նախկինում ստանձնած պարտավորություններին: «Մենք իսկապես հուսով ենք, որ երկու կողմն էլ կնստի բանակցությունների սեղանի շուրջ՝ այս իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- ասաց Ջոնաթան Էյվսը: