Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը՝ էպոսագետի գործի ընթացքի մասին

Քաղաքականություն
7faeae92b8bf85b40dd0201ac26ac1f2

Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործով Վճռաբեկ դատարանից դեռ նորություն չկա։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, դեռ սպասում են։ Կոնկրետ ժամկետ Վճռաբեկ դատարանի պարագայում գոյություն չունի։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Վարդան Սեդրակյանի պաշտպանը վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը պատվիրելու համար նա դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։ Մինչ օրս էլ թե Վարդան Սեդրակյանը, եւ թե Ալեքսանդր Սիրունյանը շարունակում են պնդել, որ նա մահափորձի հետ կապ չունի։ Իսկ Պարույր Հայրիկյանին էլ ոչ այնքան հետաքրքրում է պատժաչափը, որքան այն, որ գործն ամբողջությամբ չի բացահայտվել։ Նրա խոսքերով՝ ոչ նախաքննությունը եւ ոչ էլ դատաքննությունը չփորձեցին պարզել, թե որտեղից էր գոյացել ամբաստանյալներից մեկի հաշվեհամարին փոխանցված 100.000 դոլարը։ Նրա խոսքերով՝ մահափորձից հետո՝ հատկապես ցուրտ եղանակին, աջ ձեռքը, ինչպես նաեւ մատները չի կարողանում նորմալ շարժել։ Անդրադառնալով իր վիրահատության համար պետության կողմից տրամադրված գումարին՝ պարոն Հայրիկյանը նշեց, որ հանցագործն էր պարտավոր այդ ծախսը հոգալ, այլ ոչ թե քաղաքացիները։ Նրա խոսքերով՝ պետական մեղադրողը պետք է հայցով ներկայանար դատարան եւ նրանցից պահանջեր գումարը, սակայն դա չարվեց։ «Ստացվում է՝ պետությունը հովանավորում է հանցագործին»,- եզրափակեց նա։