Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթի տեսակցության հարցը լուծված չէ

Հասարակություն
0050d21a7f950537275ea9892f64ebc0

Նոյեմբերի 5-ին Երեւանում հեղափոխության փորձ կատարած եւ այնուհետեւ կալանավորված Շանթ Հարությունյանի առողջական վիճակը շատ լավ է եւ նորմալ սնունդ է ընդունում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը 16 օր շարունակ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով տեսակցություն հարազատների հետ եւ երաշխիքներ՝ իր անվտանգության համար։ Հունվարի 9-ին վերջինս տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», իսկ 10-ի առավոտյան դուրս եկել հացադուլից։ Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն «Ա1+»-ին հայտնեց, որ վերջին անգամ նրան տեսել է ուրբաթ օրը, եւ նրա վիճակը լավ չի եղել։ Իսկ հիմա չի կարող ասել, թե ինչ վիճակում է, հավանաբար նրան կտեսնի այսօր։ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից միաժամանակ հայտնեցին, որ իրենք հարազատների հետ տեսակցության պահանջների բավարարման հետ կապված ոչինչ չեն կարող անել, դա վարույթն իրականացնող մարմնի գործն է եւ արգելանքը կարող է հանել միայն նա։ Շանթ Հարությունյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։ Եթե մեղքն ապացուցվի, Շանթ Հարությունյանին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում։