Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը դատի կտա Կուզնեցովին

Նորություններ Քաղաքականություն
a3bf7fe91a34efbe8bc085a1684b3af9

Տարիներ առաջ` 1977թ.-ի հունվարի 8-ին, Մոսկվայում տեղի ունեցավ միանգամից 3 պայթյուն, որը որակվեց ահաբեկչական ակտ` կազմակերպված Ազգային Միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիր անդամներ Ստեփան Զատիկյանի ու կուսակից 2 ընկերների կողմից: Նրանց դատավարությունն անցավ դռնփակ, որից հետո նրանք գնդակահարվեցին` որպես ահաբեկիչներ: «Ա1+»-ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը եւս ԱՄԿ հիմնադիրներից էր, նշեց, որ Ստեփան Զատիկյանի եւ մյուսների գնդակահարությունը սադրանք էր: Այդ մասին էին, նրա խոսքերով, վկայում նաեւ ժամանակի ռուս այլախոհներ Անդրեյ Սախարովի, Լյուդմիլա Ալեքսեեւնայի հրապարակումները: Երբ Ստեփան Զատիկյանին ձերբակալեցին, Պարույր Հայրիկյանը բանտում էր, ու չեկիստները նրան փորձել են վստահեցնել, թե ինքը պարզապես տեղյակ չի եղել, իրենից թաքցրել են, որ իսկապես ահաբեկչություն էր ծրագրավորվել: «Տեղի ունեցած փակ դատավարությունն արդարադատության կոպիտ խախտում էր: ԿԳԲ-ին հետաքրքրում էին նրանք, որոնք ժողովրդավար էին, իսկ ԱՄԿ-ին տեսնում էին` որպես իրենց չկայացած երկրում չիրականացված իղձերի իրականացված միջավայր: Այդ նպատակով փորձ է արվում մարդկանց վախեցնել ու հեռու պահել ԱՄԿ-ից: Վախեցնելու առումով գործն իր նպատակին հասավ: Իսկ ինչու Ստեփան Զատիկյանին, քանի որ նա ԱՄԿ հիմնադիրն էր»,- նշեց Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա` ամեն ինչ արվում էր, որ ԱՄԿ-ն ընկալվեր որպես ահաբեկչական կազմակերպություն. «Սովետական միությունն իր նպատակին հասնում էր, սակայն այլախոհական շրջանակներում, մասնավորապես Լյուդմիլա Ալեքսեեւնան, հստակ նշում էր` ԱՄԿ որեւէ փաստաթղթում ահաբեկչությանը կողմ չի արտահայտվել: Իսկ իմ կողմից գրված մի փաստաթղթում` ԱՄԿ 2-րդ ծրագրում, ինչ-որ չափով ակնարկում էի, որ եթե Մոսկվան ինչ-որ չափով բռնարարքների անցնի, ապա գործողությունների թատերաբեմը կտեղափոխենք Մոսկվա: Ընդամենը դա էր` առանց ահաբեկչական գործողությունների մասին խոսքի»: Պարույր Հայրիկյանը կասկած չունի` 1977թ. դեպքերի բացասական հետեւանքները շարունակվում են նաեւ այսօր: Պարոն Հայրիկյանը դա հատկապես պարզորոշ զգացել է 2013թ. ՀՀ նախագահի ընտրություններին, երբ առաջադրվել էր` որպես թեկնածու. «Քանի որ ես միջազգայնորեն ճանաչված եմ` որպես ԱՄԿ նախագահ, ՌԴ-ում մեծ քանակությամբ գրականություն տարածվեց, որ իբր հայերը ահաբեկչության կողմնակից են ու մանավանդ Հայրիկյանը, որ ղեկավարել է այդ կազմակերպությունը, ահաբեկչության գլխավոր դեմքերից մեկն է: Այսինքն` ասացին բաներ, որոնք իմ դեմ ուղղված չէին, այլ ՀՀ-ի ու ժողովրդավարության դեմ: Անգամ ԿԳԲ-ն, որը ինձ 4 անգամ դատապարտել է, որեւէ անգամ ահաբեկչության ակնարկով չեն մեղադրել»: Այդ փաստը, ըստ նրա, օգտագործվեց ՀՀ նախագահի ընտրություններից առաջ` ՀՀ-ին ու հայ ժողովրդին ուղղակի շանտաժի ենթարկելով նաեւ ռուսաստանաբնակ հայերի միջոցով. «Օրինակ` Օլեգ Կուզնեցովի հոդվածների շարքը, ընդհուպ մինչեւ սպառնալիքները` եթե Հայրիկյանը նախագահ ընտրվի, նկատի ունեցեք, հայեր, մենք ձեզ հետ շատ վատ ենք վարվելու, մանավանդ հայ գործարարներ՝ դուք, որ ՌԴ-ում ինչ-որ բան անում եք»: Պարույր Հայրիկյանը մտադիր է, անգամ մի փոքր ուշացումով, ՌԴ դատարաններում դատի տալ Օլեգ Կուզնեցովին եւ նրա նմաններին. «Քանի որ նույնիսկ եթե, ինչպես Լյուդմիլա Ալեքսեեւնան էր ասում, «եռյակը» ահաբեկչական ակտ էր արել, դա վերագրել ԱՄԿ-ին, բացարձակապես դրա համար հիմք չկա»:   zatikyan