Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հայտարարություն
A A
Պաշտոնական

«Ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը»

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի աշխատակցի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ․

Ապրիլի 23-ին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն անընդունելի համարող և Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ խոչընդոտվել է «Առավոտ» օրաթերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես՝ իրավապահները, նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, մոտեցել են լրատվամիջոցի ներկայացուցչին, նրանցից մեկը հարվածել ու Գարիկ Մելքոնյանի ձեռքից գցել է հեռախոսը և կոտրել այն: Այդ ամենը երևում է լրատվամիջոցի տարածած տեսանյութում:

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդ որում, այդ ապօրինի գործողությունները, որպես կանոն, անպատիժ են մնում։

Խստորեն դատապարտելով ոստիկանության այսօրինակ գործողությունները՝ պահանջում ենք․

- Ներքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները։ Բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը, և իրավապահների քայլերի հնարավոր ազդեցությունը լրագրողների աշխատանքի, նրանց անաչառության և մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի վրա,

- ՀՀ կառավարությունից՝ քննարկում նախաձեռնել զանգվածային ակցիաների ժամանակ ուժային կառույցների գործողությունների համաչափության խնդիրների, այդ թվում՝ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ, և անհրաժեշտ որոշումներ կայացնել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ