Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանում կհիմնվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա․այն կգործի «Կանազ» մշակույթի տան շենքում (տեսանյութ)

Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա: Իր տեսակով այն կլինի Հայաստանում առաջինն ու միակը: Ակադեմիան կգործի նախկին «Կանազ» մշակույթի տան շենքում: 1958թ. կառուցված ու հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքի դռներն արդեն մի քանի տասնամյակ փակ են: Տարեսկզբին ավագանու որոշմամբ շենքը վերադարձվեց Երևան համայնքին:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է տարածք, շրջել և տեղում քննարկել նախագիծը:

Շենքի վերակառուցումից հետո երաժշտական ակադեմիան կլինի նորագույն տեխնիկական միջոցներով ու ենթակառուցվածքներով հագեցած, համերգային դահլիճով, ժամանակակից ու միջազգային պահանջներին համապատասխան կրթամշակութային նոր հաստատությունում, որտեղ կսովորեն Հայաստանի տարբեր մարզերից ու նաև արտերկրից ժամանած 400 մանուկներ ու պատանիներ:

Երևանի միջազգային երաժշտական ակադեմիայի հիմքում Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Վենեսուելայի առաջավոր փորձն է: Ակադեմիան կգործի 2 հիմնական ուղղությամբ՝ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար:

Երաժշտական նախակրթարանը կընդունի 2-6 տարեկան երեխաներին, որոնց հետ կաշխատեն հատուկ պատրաստում անցած մանկավարժ-մասնագետները: Ձեռք կբերվեն մանկական երաժշտական գործիք-խաղալիքներ՝ երեխաների ուսուցումն ու ժամանցը կազմակերպելով երաժշտական թեմաներով: Երաժշտական դպրոցում կուսանեն 6-16 տարեկանները: Հատուկ կազմված ծրագրով խորացված կրթությանը զուգահեռ՝ երեխաները կներգրավվեն տարբեր նվագախմբերում: Ակադեմիայի գործունեության առանցքը հանդիսանալու է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:

Ակադեմիայի լսարանների բրենդավորումն ու ձևավորումն իրականացվելու է Երևանի կոնցեպտի օգտագործմամբ. կլինեն 12 մայրաքաղաքների անուններով լսարաններ: Ընդհանուր միջավայրի և դասասենյակների ձևավորվումը ևս իրականացվելու է Երևանի  տեսարժան վայրերի ու խորհրդանշող հուշարձանների, քաղաքի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց պատկերներով:

Ակադեմիայում կլինի նաև օտար լեզուների խորացված ուսուցում՝ միջազգային ասպարեզում ապագա արվեստագետների մրցունակությունն ապահովելու համար, ինչն իր հերթին առավել լայն հնարավորություններ կընձեռի ակադեմիայի շրջանավարտների ուսումը կազմակերպել արտերկրի հեղինակավոր ուսումնական հաստատություններում՝ հենց քաղաքապետարանի աջակցությամբ:

«Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան ակտիվ դերակատարություն է ստանձնելու մշակութային կրթության, գեղագիտական դաստիարակության, մասնագիտական կատարելագործման ասպարեզներում: