Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, ԱԳ նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։
 
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։
 
Ընդգծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման և նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով հարաբերությունների ընդլայնմանը լրացուցիչ խթան հաղորդելու կարևորությունը։
Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ոլորտներում կապերի հետագա զարգացումը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է 2023թ. Կատարի կողմից կայացված որոշումը ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում, որը հաջորդեց Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ որոշմանը։