Սահմանափակ կարողություններով մարդիկ, որոնք չեն կարողանում խոսել եւ շարժվել, կարող են հաղորդակցվել համակարգչային սարքի միջոցով: Գյուտի հեղինակը Բելգիայի կաթոլիկ համալսարանի նեյրոֆիզիոլոգիական բաժնի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլլն է: Ըստ նրա` երկու տարի առաջ հայտնագործած սարքի միջոցով, որն արդեն էլ ավելի է կատարելագործել, կարելի է կարդալ մարդկանց մտքերը:
«Ա1+»-ի հետ զրույցում պրոֆեսորը նշեց, որ սարքը նախատեսված է հաղորդակցվել չկարողացող մարդկանց համար, սակայն արդեն կատարելագործված տարբերակով նրանից կարող են օգտվել նաեւ առողջ մարդիկ՝ ռազմական եւ քաղաքական նպատակներով:
Գյուտի հեղինակի խոսքերով` սարքը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք պետությունների համար. «Քանի որ շատ պետություններ են ինտեգրվել այս նախագծի մեջ մենք կարողացել են կատարելագործել սարքը: Եթե նախկինում այն իր բազմաթիվ լարերի շնորհիվ հարմարավետ չէր հիվանդի համար, այսուհետ հիվանդի գլխին հագցրած սարքն աշխատում է հեռակառավարմամբ»: Բացի այդ նա նշեց, որ նախնական տարբերակում գլխարկի մեջ հատուկ նյութ էր լցվում, էլեկտրոդներն աշխատեցնելու համար, այսօր արդեն այդ նյութն էլ չի լցվում:
Ըստ գիտնականի`սարքի աշխատանքը կայանում է նրանում, որ հիվանդի գլխին հագցրված դետեկտորը համակարգչի միջոցով հնարավոր է դարձնում նրա մտքում արտասանած բառերը տեսնել էկրանի վրա:
«Նոր տարբերակով հիվանդից բառը ընտրելու համար երկար ժամանակ չի պահանջվում, ու մի քանի րոպեում մենք կարող ենք իմանալ, թե ինչ է ուզում հիվանդն ասել: Օրինակ, եթե հիվանդը ցանկանում է ասել բարեւ, ներկայացված այբուբենում հայացքով ընտրելով Բ տառը, այն արդեն գրվում է, սակայն դա աշխատում է նաեւ T9 համակարգով, այսինք բայից հետո համակարգիչը տարբերակներ է առաջարկում եւ անհրաժեշտ բառերն անմիջապես հիվանդը ընտրում է»,-ասաց նա:
Սարքից օգտվող հիվանդներն առայժմ այնքան էլ շատ չեն՝ գնի պատճառով: Այն արժե 7000 եվրո. «Մեր նպատակն է սարքը հասանելի դարձնել դրա կարիքը ունեցող հիվանդներին եւ նրա արժեքը հասցնել 300 եվրոյի, որքան դա արժե ամերիկյան տարբերակի նախատիպը»,- ասաց նա:
Պրոֆեսոր Մարկ Վան Հյուլլը, բացի այս սարքից աշխատում է նաեւ մեկ այլ սարքի` մարդու էմոցիաները կառավարելու համակարգի վրա: Վերջինս ստեղծվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդ կարողանում է իր էմոցիաները կառավարել երաժշտությամբ. «Մենք տարբեր երաժշտություն ենք առաջարկում մարդուն եւ նրա ընտրությամբ մեր սարքի միջոցով հասկանում ենք, թե ինչ տեսակի էմոցիաների հետ գործ ունենք եւ դրա համար լուծում առաջարկում»:

