«ԱԱԾ-ն հրաման էր տվել ֆիզիկապես ոչնչացնել Փաշինյանին» (լրացված)

14:46 | Հոկտեմբեր 22, 2009 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղադրող կողմը մտադիր չէ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործով հետեւել ՀՀ-ի նկատմամբ ԵԽԽՎ 1677 բանաձեւի պահանջներին: Այս մասին այսօր դատարանում  բացահայտ հայտարարեց մեղադրող Հարություն Հարությունյանը:

«ԵԽԽՎ բանաձեւերը մեր պետական մարմինների համար ենթակա չեն պարտադիր կիրառման»,- ի պատասխան Փաշինյանի փաստաբանների' ասաց մեղադրող Հարություն Հարությունյանը: Իսկ փաստաբանները դատարանին միջնորդել էին փոխել Փաշինյանի խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ 1677 բանաձեւի համաձայն'եթե հետախուզման մեջ գտնվողները ինքնակամ ներկայանում են նախաքննության մարմնին մինչեւ հուլիսի 30-ը, ապա մինչեւ դատական վճռի հրապարակումը, նրանց պետք է թողնել ազատության մեջ: Այսպիսով, մեղադրողը  հաստատեց, որ Փաշինյանի նկատմամբ ԵԽԽՎ 1677 բանաձեւը ոչ միայն խախտվել է նրա ներկայանալու պահին, այլեւ անտեսվելու է նաեւ ամբողջ դատավարության ընթացքում:

 Փաշինյանի փաստաբաններն այսօր դատարանում հիմնավորեցին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրվել է ոչ միայն ԵԽԽՎ բանաձեւի խախտմամբ, այլեւ' ՀՀ օրենսդրության:  2008թ փետրվար 26-ին, երբ նախաքննության մարմինը Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրում կալանքը եւ հայտարարում, որ նրա տեղը չգիտի, այդ ընթացքում բոլորն էլ գիտեին, որ նա Ազատության հրապարակում է եւ ելույթներ է ունենում:  Ինչ վերաբերում է հուլիսի 1-ին նախաքննության մարմնին ներկայանալուն, ապա այդ պահից սկսած' նախաքննության մարմնից խուսափելու վերաբերյալ բոլոր կասկածները վերացել են: Փաստաբանները դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջեցին փոխել Փաշինյանի խափանման միջոցը:

Այսօր դատարանում ելույթ ունեցավ նաեւ Փաշինյանը: Նա հետաքրքրվեց, թե ինչու մինչ օրս քննության չի առնվել այն փաստը, որ 2008թ. մարտի 1-ին ԱԱԾ-ն ոչ թե հրաման էր տվել իրեն ձերբակալել կամ կալանավորել, այլեւ' ֆիզիկապես ոչնչացնել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Փաշինյանի պաշտպանների միջնորդությունը քննելու' կրկին 2 ժամով:       

Դատավոր  Մարտիրոսյանն ընդմիջումից վերադառնալուց հետո մերժեց Նիկոլ Փաշինյանի  խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը: Մեղադրող կողմն այսօր  հրապարակեց Փաշինյանին ներկայացված մեղադրականի եզրափակիչ հատվածը: Իրենց հետագա քայլերի համար փաստաբանները ընդմիջում խնդրեցին' Փաշինյանի հետ խորհրդակցելու համար, եւ դատավորը նրանց կրկին զրկեց այդ հնարավորությունից: Հիշեցնենք, որ փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ քրեակատարողական հիմնարկում Փաշինյանի հետ աշխատելու հնարավորություն չունեն:  «Ձեւականորեն մեզ տրվում է առանձնազրույցի իրավունք, սակայն ԱԱԾ-ում ամեն ինչ ձայնագրառվում եւ տեսագրառվում է: Մեզ արգելում են Փաշինյանին փաստաթղթեր փոխանցել: Մենք աշխատում ենք շատ մեծ դժվարություններով' գրավոր եւ միայն առանձնատեսակցությունների ժամանակ»,- «Ա1+»-ին ասաց Լուսինե Սահակյանը: 

Նկարները` Գագիկ Շամշյանի

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100