Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՁ 27-Ը ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է»

Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ի գործով բազմաթիվ հարցականների եւ գաղտնիքների մասին միշտ սպառնում է խոսել ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:

27-ի նախօրյակին փորձեցինք ճշտել, թե ինչ փաստերի է տիրապետում Գուրգեն Եղիազարյանը. «Իմ փաստերը հիմնված են հարուցված քրեական գործի նյութերի վրա: Գարնանը իմ մտածմունքները հիմնավորեց Գորիկ Հակոբյանը` «Իրավունքին» տված հարցազրույցում»:

Գուրգեն Եղիազարյանի հարցերի եւ կասկածների մի ստվար հատվածը վերաբերում է Հանրային Հեռուստատեսության լրագրող եւ այժմ ԱՄՆ-ում ապաստանած Տիգրան Նազարյանի տված նախաքննական ցուցմունքներին.

«Նազարյանը Տիգրանը ցուցմունք է գրել իր ձեռքով, որ տանը սուրճ էր խմում, երբ իմացել է կատարվածի մասին, անմիջապես նստել է մեքենա եւ գնացել Տիգրան Նաղդալյանի մոտ, մի 10 րոպե մնացել է հեռուստատեսությունում, ապա Տիգրան Նազարյան լրագրողը նստել է մեքենա եւ իջել ԱԱԾ: Տեսել է՝ մեքենա է գնում ԱԺ, Գորիկ Հակոբյանի հետ գնացել է խորհրդարան ու մտել Նաիրի Հունանյանի հետ խոսելու: Ձեր մոտ քանի՞ հարց առաջացավ: Ինչո՞ւ գնացիր ԱԱ. հարցնող չկա՞: Ի՞նչ գործ ունեիր Գորիկի մեքենայում: Ո՞վ քեզ թույլ տվեց մտնեիր Նաիրի Հունանյանի մոտ: Եթե մտար, խոսեցիր, ո՞ւր է ձայնագրությունը: Եթե քեզ ուղարկել են, գոնե քո անվտանգությունը պե՞տք է ապահովեին: Ուրեմն նախապե՞ս են իմացել, որ Նաիրի Հունանյանի ընկերն ես: Հետո քննիչը հարցնում է.

Նազարյանին՝ դու 5 անց 24 րոպե 10 վայրկյան խոսակցություն ես ունեցել Նաիրի Հունանյանի հետ, ֆիքսված է «ԱրմենՏելում», ինչի՞ մասին եք խոսել. ասում է՝ չեմ հիշում: Ասում է, ու բաց են թողնում Տիգրան Նազարյանին, նա մեկնում է ԱՄՆ: Հետո ես հայտարարեցի՝ նրան բաց են թողել, որ դրսում սպանեն, ու հանկարծ ԱՄՆ-ից Նազարյանը խոսեց:

Ասաց՝ «Ինձ ԱՄՆ ճանապարհեց Անվտանգությունից գնդապետ Մանուկյանը: Դու 27-ով անցնող ամենաակտիվ վկան ես, դու առաջին մարդն ես, որ զրուցել է Նաիրիի հետ: Բա գնդապետ Մանուկյանը ինչի՞ քեզ ճանապարհեց ԱՄՆ,- Տիգրան Նազարյանի «անհետացումը Հայաստանից» մեկնաբանում է Գուրգեն Եղիազարյանը,- Տիգրանն ԱՄՆ-ից ասում է. «Ցանկացած լրագրող ինչ-որ կերպ հարաբերվում է անվտանգության մարմինների հետ: Ինչո՞ւ, «ինչ-որ կերպ»-ով գնում հասնում են տեռորիստի հետ զրույցի՞: Այդպես չի լինում, սրանք հարցեր են, որ պետք է պատասխաններ ստանան»:

Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ 27-ի ոճրագործությունը լրիվ բացահայտված է հենց քրեական գործի շրջանակներում. «Ամեն ինչ ասված է, ուղղակի այդ շրջանակներում պետք է լսվեն ուրիշ մարդիկ՝ գործը կարդալուց հետո, ու այն հարցերը, որ պետք է տրվեին ու մինչ օրս չեն տրվել` տրվեն»:

Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, առաջիններից մեկը պետք է հարցաքննվի ԱԱԾ այժմյան պետ Գորիկ Հակոբյանը: Ինչո՞ւ հենց ինքը՝ մեր հարցին` Եղիազարյանը բացահայտում է՝ «որովհետեւ ինքը իր հարցազրույցում մի շարք հետաքրքիր բաներ է ասել. օրինակ, որ որպես անվտանգության տեղակալ, պետք է անմիջապես պարզեր, թե ով է ԱԺ մտած անձը. դրա համար որքա՞ն ժամանակ է պետք: Նաիրի Հունանյանը ցուցմունք է տվել, որ պարբերաբար կապի մեջ է եղել ԱԱ մարմինների հետ 88 թվականից հետո. կարո՞ղ ենք ասել, որ ԱԱ -ին պարզ է եղել Նաիրի Հունանյանի անձը: Գորիկն ասում է՝ «մենք պարզեցինք հորը, եւ տեսանք, որ դա այն մարդը չի, որ կարողանա որդու վրա ազդեցություն ունենալ»: Որպեսզի մարդը հոգեբանական փորձաքննություն անցկացնի եւ հասկանա, որ մարդը որդու վրա չի կարող ազդեցություն ունենալ, Զիգմունդ Ֆրեյդին անհրաժեշտ կլիներ մոտ 2 օր, նա հաշված վայրակյաններում հասկանում է, որ Հրաչյա Հունանյանը որդու վրա ազդեցություն ունենալ չի կարող, ու սկսում են մարդ որոնել նրա միջավայրից, որ կարողանա ազդեցություն ունենալ Նաիրիի վրա: Ու գտնում են Տիգրան Նազարյանին: Իսկ Նազարյանն ասում է, որ ինքն է եկել, ոչ թե իրեն գտել են: Լավ, նրանք գտան մարդուն, ով կարող է ազդել Նաիրիի վրա, նա էլ եկավ. մի քիչ հեքիաթային չեղա՞վ 27-ի պես լուրջ ահաբեկչության գործի համար: Ես կարո՞ղ եմ եզրակացություն անել, որ ամեն ինչ նախօրոք պարզ է եղել, քանի որ մամուլում արծարծվեց այն թեման, որ մի քանի անգամ ԱԱ մարմինները ստացել են ահազանգեր, որ ահաբեկություն է կազմակերպվում: Եթե հայտնի էր մի X-ը, որը մտավ ԱԺ, եւ հայտնի էր մյուս Y-ը, որ եկավ նրա հետ խոսելու, բա ի՞նչը խանգարեց, որ չկանխեցիք: Ես դեռ ասում եմ մի փոքր հատված. եթե դրան գումարենք անվտանգության մայորի զեկուցագիրը, որը նորից հրապարակվեց մամուլում, ապա ամբողջական պատկերը պարզ է դառնում: Գորիկ Հակոբյանին պետք է հարց տալ` «բա որ այսքան բանը գիտեիր ու չարեցիր, ո՞նց եղավ, որ քո ուսադիրները փոխանակ պոկեն ու դուրս շպրտեն շենքից, մի բան էլ դարձար համակարգի շեֆը»: Էդ ոնց եղավ, ասեք՝ հասկանանք»,- շարունակում է իր կասկածները ներկայացնել Գուրգեն Եղիազարյանը:

«Ոչ մի նոր բան չկա, ամեն ինչ շարադրված է գործում, բավական է ուղղակի ուշադիր նայել ցուցմունքները,-կարծում է Եղիազարյանը,- եթե նեղություն տան իրենց ու տեսնեն, թե Նաիրին ում հետ է խոսել, ում է զանգել, մի պահ ետ նայեն, կտեսնեն, որ ոչ մի գաղտնի բան չի եղել այդ ամենում: Ես կասեի, «բացի մեր անվտանգության համակարգից», բոլորն իմացել են սպասվող ահաբեկչության մասին»:

Հոկտեմբերի 27-ը, ըստ Գուրգեն Եղիազարյանի, կազմակերպված է եղել Թուրքիայի կողմից. «Նրանց մի բան էր պետք, ազատվել այն լիդերներից, որոնք այսօր վայելում են ժողովրդի համակրանքը, ազատվել Կարեն Դեմիրճյանից: «Միասնություն» դաշինքը մի հզոր ուժ էր, որը կարող էր կանխորոշել երկրի ապագան: Ես մի բան գիտեմ, փոխանակ 1 մլն մարդ պահել հրապարակում, որպեսզի իշխանափոխություն անեն, բավական էր, որ Կարեն Դեմիրճյանը չլիներ, եւ իշխանափոխություն էր արդեն:

Իսկ Թուրքիայի կապը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, Եղիազարյանը բացատրում է Հունանյանների գործուղմամբ. «Տիգրան Նաղդալյանը գործուղման էր ուղարկել Հունանյան եղբայրներին Թուրքիա՝ ֆիլմ նկարելու, Հանրային հեռուստաընկերության վկայական ու անցագիր էր տվել մի մարդու, որը կյանքում ֆիլմ չի նկարել եւ չգիտի, թե ինչ բան է օպերատորի աշխատանքը՝ Կարեն Հունանյանին: Ըստ մամուլի, 5 հազար դոլար էլ տվել էին գործուղման ծախսերը հոգալու համար»:

Անդրադառնալով նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանությանը` Գուրգեն Եղիազարյանը պնդեց, որ նրա մահը պետք էր միայն այն մարդկանց, վքեր կանգնած էին 27-ի ետեւում: «Նրանց պետք էր, որ չխոսի Նաղդալյանը»: Ի դեպ, Գուրգեն Եղիազարյանը նաեւ կապ է տեսնում 27-ի եւ Մեղրիի տարբերակի քննարկման միջեւ: