Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ հիմնախնդրի վերջին զարգացումները ներկայացվել են Ռոուզ Գոթեմյոլլերին (տեսանյութ)

Պաշտոնական
nat

Դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծեց, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ձևավորվել են գործընկերային հարաբերություններ՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը բխում է երկկողմ շահերից: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը՝ ընդգծելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց խաղաղապահ գործողություններում Հայաստանի արժեքավոր ներդրման համար։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգության մատակարարողի: Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը շնորհակալություն հայտնեց Հայաստանում դեկտեմբերի 13-ից 18-ը ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն անցկացնելու, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի նախաձեռնության շրջանակներում Կանանց, խաղաղության և անվտնագության թեմայով սեմինար կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների: ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոուզ Գոթեմյոլլերը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: