Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ- «Առինջ մոլ» հակամարտությունը շարունակվում է (տեսանյութ)

Քաղաքականություն
naira

«Հարկայինև մաքսային» ծառայությունների մասին օրենքներում փոփոխությունների մասին նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում ասաց. «Հատուկ մարմինները հրեային հարցնում են՝ էդ քո ճոխ ու ընդգծված ծախսերը, որ կատարում ես, փողը որտեղի՞ց ես վերցնում, ասում են՝ ո՞վ է փողն այնտեղ դնում, ասում է՝ կինս է դնում, հարցնում են՝ կնոջդ որտեղի՞ց, ասում է՝ ասացի, որ ես եմ տալիս, նորից են հարցնում, ասում է՝ բա, ասացի, արկղից եմ վերցնում: Այս արտաբյուջետային ֆոնդը կրիմինալ ինստիտուտ է, իրեն հարգող երկրները նման բաներ չեն ունենում: Համակարգը ուժեղացնելու համար հենց բյուջեից պետք է համապատասխան հատկացումներ անել: Եթե դա դեռ չեն անում, ապա չի կարելի մի տեղից փողը վերցնել, մեկ այլ տեղ ուղարկել: Սա ապակողմնորոշիչ երեւույթ է ու եկեք կամք դրսեւորենք ու ազատվենք այդ արտաբյուջեից»: «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի համոզմամբ՝ այս նախագիծը նպաստում է արտագաղթին. «Կոչ ենք անում հարկային մարմիններին դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք հարուցում են Քրեական օրենսգրքի զայրույթը եւ, ի վերջո, ունենք Սահմանադրություն, ըստ որի՝ պետք է առաջնորդվել»:  ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր ելույթում անդրադարձավ այն հայտարարություններին, երբ Փեթակ ու Սուրմալու տոնավաճառները համադրում են Առինջմոլի հետ. «Այս հարցում դուք սխալվում եք, քանի որ այս տոնավաճառների շրջանառությունները չեն համապատասխանում՝ մի տոնավաճառ ամսական 12 օր է աշխատում, մյուսը՝ 30 օր, ապրանքների տեսականին եւս տարբեր է»:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում մեջբերեց Տորիչելիի հայտնի օրենքը. «Այն ծանոթ է բոլորիդ. օրենքը շատ կարճ է՝ բնությունը դատարկություն չի հանդուրժում, սակայն դա չի նշանակում, որ այն պետք է լցնել էժանագին ինֆորմացիաներով ու մանր մանիպուլյացիաներով: Երեկ ՊԵԿ-ը տարածել է 3 էջանոց հայտարարություն, որը ամբողջությամբ ապատեղեկություն է. այն կոնկրետ տոնավաճառին է թիրախավորված եւ հաշվի չի առնվել տվյալ տոնավաճառի գոտիականությունը»:  Հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց՝ եթե ՊԵԿ-ը գերատեսչական շահի խնդիր հետապնդեր, ապա նման նախագիծ չէր ներկայացնի ԱԺ. «Այդ դեպքում այդ գումարները ՊԵԿ-ն իր մոտ կպահեր, այլ ոչ թե բյուջե կուղղվեր, որպեսզի դրանք ծառայեին ընդհանուր նպատակներին: Իհարկե, կարելի է հաշվի առնել տոնավաճառի թե գոտիավարությունը, թե այլ հանգամանքներ, սակայն խելամտության շրջանակներում չէ, երբ 10 ամսվա ընթացքում տնտեսվարողը ցույց է տալիս ընդամենը մեկ միլիոն դրամի իրացման շրջանառություն, ու ՊԵԿ-ը աչք փակի ու որեւէ գործողություն չձեռնարկի»:  Հարցի քննարկումն ավարտվեց: