Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սա պատգամ էր օրենսդիր իշխանությանը». Ելքը՝ ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
sd

ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ, որպես քաղաքական փաստաթուղթ՝ իրենք այն կուսումնասիրեն, համապատասխան հետեւություններ կանեն, կպլանավորեն իրենց գործողությունները առաջիկայում. «Սա պատգամ էր օրենսդիր իշխանությանը, որը չի կարող շեղվել այս հանձնարարականից եւ պետք է համապատասխան փոփոխություններ կատարի «ՏԻՄ մասին» օրենքում, եւ հետագայում նախագծեր մշակելիս հաշվի առնի այս իրավական դիրքորոշումները»:   ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննեց պատգամավորների դիմումը, ըստ որի՝ նրանք պահանջում են անվավեր ճանաչել «ՏԻՄ մասին» օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները, լինելով փոքրամասնություն եւ չունենալով քվորում, գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ: 2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտում են ավագանու նիստերը:Երեք խմբակցությունները միասին ունեն 18 մանդատ՝ կազմելով մեծամասնություն: «Մանդատագողությամբ ձեւավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետը ապօրինություններ է գործում շուրջ մեկ տարի»,- որոշման հրապարակումից հետո հայտարարեց ՀՀ ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թադիլյանի խոսքով՝ ՍԴ որոշումը կարող է դառնալ նախադեպ եւ կունենա կոնկրետ հետեւանքներ. «Ըստ էության կչեղարկվեն բոլոր այն որոշումները, որոնք կայացվել են ավագանու անօրինական հավաքների շնորհիվ, այսինքն՝ փոքրամասնությամբ հավաքված 15 հոգանոց որոշումները: Պետք է հասկանալ՝ մեծամասնություն ունի՞ Մամիկոն Ասլանյանը, թե ոչ,  եւ քանի որ չունի՝ ավագանու նիստերը բոյկոտվում են, որոշ ժամանակ անց կարելի է գնալ նոր ընտրությունների, որը չի բացառվում այս պարագայում, քանի որ գործող քաղաքապետը չունի մեծամասնություն»:    ՍԴ նիստին դիմումի համահեղինակ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավորներ ներկա չէին: