Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից. պարզաբանում է ՊՆ-ն

Քաղաքականություն
Arcrun-Hovhannisyan

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում հայտարարություն է տարածել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի  գրառման վերաբերյալ: «Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը: Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է. 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպես և մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբևէ չի ունեցել և չունի որևէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որևէ հիմք: 2. Նախարար Սարգսյանը երբևէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որևէ այլ մարմինների կողմից չի իրականացվել որևէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որևէ ընթացակարգ: 3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»: Հիշեցնենք, այսօր ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուզաննա Խաչատրյանը, խոսելով ծառայությունից խուսափած պաշտոնյայի մասին, նկատի է ունեցել Վիգեն Սարգսյանին։ Ռուզաննա Խաչատրյանն իր գրառման մեջ անուններ չի նշել։