Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ-ոք մի կտոր հաց ավելի չի ստանալու, եթե անվանափոխվեն փողոցները. Վահագն Մամյան

Հասարակություն
67a6368f-14be-4320-8189-1a3e550f7870_tv_w800_h450

Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակության լայն շրջանակներում բուռն  քննարկումների թեման է «Ելք» դաշինքի առաջարկը՝ անվանափոխել Երևանի մի շարք փողոցներ: Կարեն Դեմիրճյանի թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը «Ա 1 +»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս հարցում չկա հստակ չափանիշ: «Եթե անվանափոխության սկզբունքն այն է, որ  տվյալ մարդը ոչինչ չի արել մեր երկրի համար ու պիտի իր անունով փողոց չլինի, ապա համաձայն եմ, իսկ եթե սկզբունքն այն է, որ բոլշևիկները մեր թշնամիներն են եղել ու Հայաստանի համար ոչինչ չեն արել, ապա մոտեցումը սխալ է, և ես համաձայն չեմ անվանափոխության հետ»: Վ. Մամյանը ամենակարևոր խնդիրների մեջ ընդգծեց նաև այն, որ մեր ժողովուրդը չի հիշում և ուրանում է իր պատմության որոշ դրվագներ: «Ամենամեծ սխալներից մեկն այն է, որ մենք հրաժարվել ենք մեր պատմության ամենակարևոր 70 տարիներից, և այդ տարիների մասին չենք գրում, չենք խոսում, չենք հիշում: Խորհրդային տարիներին մենք հասանք մեր զարգացման գագաթնակետին և հզորացանք: Հասարակությունը չի խորանում պատմության մեջ, այնինչ այդ խորքերում շատ կարևոր իրողություններ կան թաքնված: Հասարակության տեսակետը սխալ է:  Երկրի զարգացման գործում մեծ նշանակություն ունեն  արտաքին շփումները, ինչից էլ առաջացել են Պուշկինի, Վալերի Բրյուսովի և այլոց անուններով փողոցների առկայությունը: Պատկերացնում եք, որ Ռուսաստանում էլ որոշեն անվանափոխել հայկական անվանում ունեցող փողոցները, փակել հայկական եկեղեցիները, անվանափոխել Լազարյան ճեմարանը, արդյունքում մենք մեզ կկանգնեցնենք մեկուսացման մեջ և կմտնենք փակուղի: Փողոցների անվանափոխման առաջարկի մեջ ես չեմ տեսնում հստակ չափանիշ, որով էլ պետք է առաջնորդվենք: Վահագն Մամյանը ընդգծեց, որ հասարակությունը պետք է ուշադրություն դարձնի իր խնդիրներին, քանի որ հիմա մեզ համար դժվար ժամանակաշրջան է: «Փողոցների անվանափոխության հարցը չի լուծելու  մեր տնտեսական, սոցիալական խնդիրները, ու դրա շնորհիվ ինչ-որ մեկը մի  կտոր հաց ավելի չէ ստանալու: Հասարակությունն իր առաջ ունի ծառացած ավելի կարևոր խնդիրներ: Փողոցների անվանափոխության հարցը հասարակությանը ոչինչ չի տալու:   «Ա1+»-ի հարցումն այս թեմայով՝ այստեղ