Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քուանշ և քյարփինջը կապուտ, պարոն գլխավոր դատախազ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

ԱԺ արտահերթ նիստին ՀՀ դատախազության՝ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ այսօրվա իր ելույթն ունի վերնագիր՝  «Քուանշ, պարոն գլխավոր դատախազ». «Դա մի տերմին է, որ օգտագործվում է բլոտի մեջ, դիմացինի ասածը կասկածի տակ դնելու համար: Ես 4 դրվագ ունեմ՝ դատախազի ասածը կասկածի տակ դնելու համար: Մարտի 1-ի հետ կապված՝ դուք հիմա ուզում եք ասել, որ կատարվում է քննչական գործողություն, մի օրինակ ցույց տվեք: Հերթապահ նախադասությունն արտասանող արդեն 3-րդ դատախազն եք. մարտի 1-ի սպանությունների չբացահայտման կոդը դրված է այդ քրեական գործի հիմքում՝ հիմնավորումը բնորոշված է որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ՝ առանց դատ-դատաստանի այդպես է որոշվել, որը արդեն նեգատիվ ֆոն է ստեղծում: 5 ոստիկանի կիրառած չերյոմուխայի արդյունքում 3 մարդ է սպանվել, որոնց անուն-ազգանուններն անգամ մամուլում է հրապարակված, սակայն ոչ մի ընթացք: Կորա՞ն այդ տեսանյութերը: Անգամ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ հազարավոր ժամեր տեսանյութեր կան. այդտեղ ամեն ինչ կա, բացի սպանությունների դրվագների՞ց»: Նրա հաջորդ դիտարկումը վերաբերում էր «Սասնա ծռեր»-ի անդամներին. «Նրանց իրենց ընտանիքի անդամների հետ տեսակցություն չի թույլատրվում: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ: Օրենքն ասում է՝ մերձավոր ազգականների հետ տեսակցությունն անցկացվում է կալանավայրում՝ ՔԿՀ ծառայողների հսկողությամբ եւ չի թույլատրվում արգելված իրերի անցկացումը: Ասենք, Ժիրայր Սեֆիլյանի 11-ամյա տղան, եթե ատոմային ռումբ փոխանցեր, այդ ժամանակ կհասկանայինք, սակայն այս դեպքում արգելանք դնելը խոշտանգում է, անձնական հաշվեհարդար: Պարտադիր է  եղունգները քաշե՞լ, որ հասկանաք՝ սա խոշտանգում է»: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ Անդրեաս Ղուկասյանի՝ խափանման միջոցի փոփոխման իրենց անձնական երաշխավորությամբ միջնորդության մասին. «Ի՞նչ է ասում դատախազը՝ հանգամանքներն այնպիսին են, որոնք մեզ այսօր հնարավորություն չեն տալիս մտածելու, որ դրսում նրա գործողությունները օրինական կլինեն, որ երաշխիք կլինի: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ»: Ապա՝ ձեռքը մեկնելով ՀՀԿ խմբակցության ուղղությամբ՝ պատգամավորն ավելացրեց. «Բլոտի սիրահարների օթյակում աշխուժություն է տիրում»:  Շարունակելով՝ պարոն Փաշինյանն ավելացրեց. «Եթե մեր ամբողջ խմբակցության երաշխավորումը երաշխիք չէ, բա ո՞ւմն է երաշխիք՝ ՀՀԿ համար քուչում ձայներ հավաքելու կամ ախպոր լավ ախպոր ախպերը, որ շուտ դուրս գա, դրա համար երաշխիք կլիներ: Ձեր ասածն էլ մեզ համար երաշխիք չէ, ձեր ասածը ծայրից ծայր սուտ է, Բաղրամյան 26-ից ամեն առավոտ հրահանգ եք ստանում, որ սրան նկատեք, նրան չնկատեք, բռնեք»: Ինչ վերաբերում է հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներին, ապա Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Էդմոն Մարուքյանի հետ մենք նստել ենք դատախազի սենյակում, նայել իր աչքերի մեջ ու ասել ենք, որ մարդը մահանալու է: Ինչ է ասում Գլխավոր դատախազը, ասում է՝ իրավապահ մարմինների գործողությունները, չէ, որ նրան հանգեցրել են մահվան: Քուանշ, պարոն գլխավոր դատախազ. Արթուր Սարգսյանն այնպիսի հիվանդություններ ուներ, որոնք համատեղելի չէին կալանքի հետ: Կրկնակի փորձաքննության էիք ներկայացրել: Մարդը անբուժելի հիվանդությունների փունջ ունի, որը կասկածի տակ չէր կարող լինել, սակայն նա մնաց կալանքի տակ: Պարզ է՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ հաշվեհարդար էր. մարդը սիմվոլիկ դերակատարում է ունեցել, մեր ժամանակների հերոս էր դարձել, նրա հարցազրույցը լայն արձագանք էր ստացել... էլ ոնց կլիներ՝ մեր ժամանակների հերոս միայն Սերժ Սարգսյանը պետք է լիներ: Նրան մահվան հասցրիք, որից հետո մտածեցիք՝ դե, հետո քրեական գործ կհարուցենք, եռակի փորձաքննություն կնշանակենք՝ մինչեւ կմոռանան նրա մահվան հանգամանքների մասին»: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Գլխավոր դատախազի այն հավաստիացումները, թե համակարգի ներսում կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը. «Այստեղ չեմ կարող ասել՝ քուանշ, այստեղ պետք է ասեմ՝ քյարփինջը կապուտ»: