Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ելք» դաշինքն իրեն մրցակից համարում է միայն ՀՀԿ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
elq-2

«Ելք» դաշինքը   դեռ չգիտի, թե ինչ ֆորմատի քարոզարշավով հանդես կգա ավագանու ընտրություններին, բայց որ այն լինելու է օրիգինալ և հետաքրքիր տարրերով՝ վստահեցնում են. «Սերնդափոխության մեր առաջ քաշած ձևաչափը շատ ակտուալ է բոլոր բնագավառներում, նաև՝ Երևանի կառավարման: Մենք Երևանի համար ռեալ փոփոխություններ ենք առաջարկում: Մեծ կարևորություն ենք տալիս ծրագրերին, մեր ծրագիրը կներկայացնենք շուտով: Այն վերահսկվում է թիմի կողմից, որը բաղկացած է իրենց ոլորտներում ինչ-որ բանի հասած երիտասարդներից: Ընդհանուր առմամբ, ծրագրի վրա աշխատող թիմը կազմված է շուրջ 15 հոգուց»,- նշում է «Ելք» դաշինքով Երեւանի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը: «Ելք» դաշինքին պետք է ձայն տան, քանի որ այն ունի անբիծ հետագիծ: Ըստ երիտասարդ թեկնածուների՝ դեռ դաշինքի տված որեւէ խոստում անկատար չի մնացել. «Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում գյուղապետ է ընտրվել մեր դաշինքի ներկայացուցիչը, բնակիչներն արդեն իրենց վրա զգում են  այդ փոփոխությունը: Մենք լուծել ենք այնտեղ այնպիսի հարցեր, որոնք տարիներ շարունակ անկատար են եղել»,- նշում է «Ելք» դաշինքով Երեւանի ավագանու թեկնածու Էդուարդ Աղաջանյանը: Գալիք ընտրություններում «Ելք» դաշինքը իրեն մրցակից համարում է միմիայն ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի կուսակցության հետ համագործակցելու հնարավորություններին, ապա նրանք հավաստիացնում են, որ փորձ արվել է. «Մենք Զարուհի Փոստանջյանին արել ենք երեք առաջարկ՝ գլխավորել մեր ցուցակը, միանալ մեր դաշինքին ու կրկին գլխավորել ցուցակը եւ միանալ մեր դաշինքին, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նա մերժել է բոլոր առաջարկները»,- նշեց Տիգրան Ավինյանը: «Ա1+»-ի դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը երեկ ասել էր, թե իրեն ոչ մի պաշտոնական  առաջարկ չեն արել, Տիգրան Ավինյանը նշեց. «Առաջարկ եղել է, ակտիվ քննարկել ենք, մեկ հոգի չէ եւ մեկ անգամ չէ, որ նրան այս առաջարկությամբ դիմել են»: Երիտասարդ թեկնածուները վստահեցրեցին, որ իրենց ցուցակի առաջին տեղում գտնվող Նիկոլ Փաշինյանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու լավ քաղաքապետ. «Մենք հաղթական ենք տրամադրված: Մենք չենք մասնակցում ընտրություններին մի քանի ավագանի ունենալու համար, մենք մասնակցում ենք հաղթելու եւ քաղաքապետ ունենալու համար»: