Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները փորձում են մարդիկ ներդնել դիտորդական առաքելությունների մեջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
yntrutyunner

Ընտրական գործընթացի կազմակերպման համար Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 7 միլիոն եվրո: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ աջակցություն ցուցաբերելով  ՀՀ կառավարությանը՝ Եվրամիությունը հավատում է, որ այս անգամ Հայաստանը կանցկացնի ավելի բարձր մակարդակի ընտրություններ, քան եղել են անցյալում. «Մենք լավատես ենք, հավատում ենք, որ այս անգամ ՀՀ քաղաքացիներն ավելի վստահությամբ կգնան ընտրության՝ հավատալով, որ իրենց ձայնը հաշվի կառնվի: Բայց դա չի նշանակում, թե ընտրությունները կանցնեն կատարյալ: Միշտ էլ կան ռիսկեր, որոնք մենք քննարկում ենք ՀՀ կառավարության, մեր գործընկերների, դոնորների հետ»: Խոսելով առաջին անգամ ներդրվող համակարգերի մասին՝ տեսախցիկներ և իդենտիֆիկացիոն սարքեր, ԵՄ դեսպանը նշեց, թե պետք է պատրաստ լինել, որ դրանք կարող են ցանկացած պահի խափանվել. «Ինչպես այլ երկրներում է լինում: Մի քանի օր առաջ գյուղական համայնքներում փորձարկվել են այդ սարքերը, դրանք շատ լավ աշխատում են, բայց պետք է պատրաստ լինենք, որ ընտրությունների օրը դրանք կարող են չաշխատել, կամ խնդիրներ առաջանան հոսանքի և ինտերնետի հետ»: Սվիտալսկին հավելեց, որ ընտրությունների անցկացման գործում Եվրամիության համար կարևոր է կոռուպցիայի՝ ձայն գնելու երևույթի բացակայությունը, թափանցիկ ընտրություններն ու քաղաքացի-դիտորդների և միջազգային դիտորդների ազատ գործունեությունը: Ընտրությունների արդար և թափանցիկ անցկացման նպատակով Հայաստանում 2013 թվականից գործում է «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունը: Նախաձեռնությանը միացած՝  «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը նշեց, որ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ ներդրել են մի մեխանիզմ, որը թույլ կտա բացահայտել ուրիշ փոխարեն քվեարկության դեպքերը: «Խոսքը «Վերահսկիր ընտրությունը» գործիքի մասին է: Այն քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով  չեն կարող կամ չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, կարող ենք նախագրանցել  citizenobserver.am կայքում, որից հետո դիտորդները ընտրատեղամասերում կարող են ստուգել՝ արդյոք այդ անձանց փոխարին ինչ-որ մեկը քվեարկե՞լ է, թե՞ ոչ, մանավանդ, որ այս տարի հրապարակվելու են ընտրողների ստորագրված ցուցակները»: Նախաձեռնությանը միացած՝ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ կիսվեց իր մտահոգություններով. «Իշխանությունները կամ կուսակցությունները մարդիկ են փորձում ներդնել դիտորդական առաքելությունների մեջ, որպեսզի ինչ-ինչ տեղեկություններ ունենան, և քվեարկության նախօրեին սովորաբար այս մարդիկ հեռանում են, մինչև 15 տոկոսի կարգի արտահոսք է լինում: Լինում է, որ ընտրությունների օրը դիտորդներին փորձում են փողով փախցնել: Այս ռիսկերը միշտ կան»: