Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում վճարովի ավտոճանապարհ կգործի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
janaparh-nkar

Հայաստանում երթևեկելու համար քաղաքացիները կվճարեն ոչ միայն վառելիք գնելու, այլ նաև ճանապարհի համար։ Մինչև 2020 թվականը Քաջարան և Սիսիան քաղաքներն իրար կկապվեն վճարովի ավտոճանապարհով։ Այժմ գործող 2 ու կես ժամ տևողությամբ ավտոճանապարհը հնարավոր կլինի փոխարինել 40 րոպեանոց վճարովի ճանապարհով։ «Մենք ընտրել ենք Քաջարանից Սիսիան ընկած հատվածը։ Առկա ճանապարհն այս պահին թեքվում է դեպի Կապան, անցնում է Գորիսով և գալիս է դեպի Սիսիան։ Եթե ուղիղ ծրագրով հնարավորություն լինի միացնել Քաջարանը և Սիսիանը իրար, ապա զգալի տնտեսման հնարավորություն կտա թե ժամանակի, թե վառելիքի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը։ Բոլոր տրանսպորտային միջոցների համար գին որոշելու նպատակով դեռ հաշվարկներ են կատարվում։ «Խիստ փոխկապակցված թվեր են, թե ինչքան կլինի երթևեկության ինտենսիվությունը, ինչքան կտնտեսվի վառելիք, մենք հիմա այդ հաշվարկներն ենք անում»,- ասում է պարոն Առաքելյանը։ Քաջարան-Սիսիան վճարովի ավտոճանապարհից օգտվելը ձեռնտու կլինի հատկապես Հայաստանի տարածքով իրանական բեռներ տեղափոխողներին։ Էականորեն կկրճատվի և վառելիքի ծախսը, և ճանապարհի տևողությունը։ «Օրինակ, եթե առաջարկվում է վճարել 50 դոլար և անցնել Քաջարան-Սիսիան ճանապարհով, այս դեպքում առկա ճանապարհով երթևեկելով դուք կծախսեք 100 լիտր ավելի վառելիք, 2 և կես ժամ ավելի ժամանակ, և կհասնեք Սիսիան քաղաք։ Դուք հաշվում եք ու տեսնում, որ 100 դոլարի չափով ավել վառելիք ծախսեցիք, 2 և կես ժամ ժամանակ ավելի ծախսեցիք։ Եթե դուք բեռնափոխադրող ընկերություն եք 2 և կես ժամը փող արժի ձեզ մոտ»,- ասում է Արթուր Առաքելյանը։ Վճարովի ավտոճանապարհի շինարարությունը կսկսվի, երբ կառավարությունը կորոշի կառուցող ընկերությանը։ Բանակցություններ այս պահին տարվում են մեկ եվրոպական և երկու չինական ճանապարհաշինարար ընկերությունների հետ։ Լավագույն առաջարկ ներկայացրած ընկերությունն էլ ձեռք կբերի վճարովի ճանապարհ կառուցելու իրավունքը։ 30 տարի ժամկետով այն կգտնվի կառուցողի տրամադրության տակ, իսկ դրանից հետո այդ իրավունքը կանցնի պետությանը։