Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուծարվեց մի անպտուղ տեսչություն (տեսանյութ)

Քաղաքականություն
gov-K-1

Ավանդույթի համաձայն գործադիր մարմնի նիստից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց նախարարություններին: Հոկտեմբերի 31-ից ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում սկսվում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները: Վարչապետը հանձնարարեց նախարարներին, որ իրենց ոլորտների վերաբերյալ ներկայացումները լինեն ավելի շատ ծրագրային բյուջետավորման ձևաչափով և բխեն կառավարության ծրագրային դրույթներից. «Մասնավորապես, անհրաժեշտ է պատգամավորներին և հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց ներքո ձևավորվել են ձեր ոլորտի բյուջեները: Անհրաժեշտ է հատկացված ֆինանսավորումը ներկայացնել՝ ելնելով իրականացվելիք ծրագրերի որակական և քանակական արդյունքներից ու ցուցանիշներից, որպեսզի հնարավոր լինի պատկերացում կազմել դրանց նպատակի ու անհրաժեշտության մասին»,- նշեց վարչապետը: Վարչապետը հանձնարարական ուղարկեց նաեւ գյուղատնտեսության նախարարությանը: Մեկշաբաթյա ժամկետում նախարարությունը պետք է ներկայացնի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության լուծարման մասին փաթեթը. «Կարծում եմ՝ որոշումը մեկնաբանելու կարիք չկա»,- հավելեց վարչապետը: Իգնատի Առաքելյանը այս հանձնարարականի մասին, սակայն, հարց ուներ. «Իսկ ո՞ւր են գնալու այս կառույցի լիազորությունները, ես ուղղակի տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում, դրա համար եմ հարցնում»,- նշեց նախարարը: Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը. «Մի շարք տեսչություններում ուսումնասիրություններ են արվել, եւ այն տեսչությունները, որոնք պետությանն օգուտ չեն տալիս, լուծարվում են, դրանց թվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը։ Իսկ տեսչության պետհամարանիշերի վերաբերյալ գործառույթը տրվում է Ոստիկանությանը, մյուս մասերով՝ ոչ մեկին, տեսչությունը լուծարվում է»: Վարչապետը հավելեց՝ դիմելով գյուղնախարարին. «Իսկ դուք չէի՞ք ուսումնասիրել այս տեսչությունը, իր գործունեությունը դուք օգտակա՞ր եք համարում»: «Դե իմ մտքով անցել է լուծարել»,- պատասխանեց պարոն Առաքելյանը, ինչին ի պատասխան վարչապետը ժպիտով ասաց. «Դե ձեր միտքը հաշվի առնելով էլ հանձնարարում եմ»: