Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

27 երկիր դատապարտել է ապրիլյան դեպքերը. փաստաթուղթ է ընդունվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
asulis

Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթ է ընդունվել Ուղղափառ պառլամենտականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, որն անցկացվել է հուլիսի 4-8-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը ներկայացրեցին փաստաթղթի մանրամասները՝ նշելով, որ այն միաձայն ընդունվել է 27 երկրների պառլամենտականների կողմից. «Հայաստանն այս վեհաժողովի հիմնադիր անդամներից մեկն է։ Այն գրանցված է ՄԱԿ-ում եւ այստեղ ընդունված որոշումները գնում են ՄԱԿ եւ աշխարհի բոլոր խորհրդարաններ։ Հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները՝ մեր պատվիրակությունը 2-3 էջանոց մի հայտարարություն տարածեց վեհաժողովի անդամների համար, որտեղ ներկայացվեցին ապրիլյան դեպքերը եւ թե ինչպիսի տեռորիստական եւ անմարդկային վերաբերմունք են դրսեւորել մեր ոխերիմ հարեւանները»,-ասաց Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ փաստաթղթով կոչ են արել նաեւ միջազգային կազմակերպություններին ադեկվատ,  հասցեական վերաբերմունք ցուցաբերել կատարվածի վերաբերյալ։ Սա առաջին փորձը չէ, որ արվում է Ուղղափառ պառլամենտականների վեհաժողովում ապրիլյան դեպքերը դատապարտելու համար։ Հենց պատերազմի օրերին՝ ապրիլի 4-ին, Մոսկվայում ընթանում էր կազմակերպության  քարտուղարության նիստը, եւ Արագած Ախոյանի խոսքով՝ այդ ժամանակ արդեն իրենք փորձել են քայլեր ձեռնարկել. «Ես շատ վրդովված էի,  շտապ մի թերթիկ պատրաստեցինք, որպեսզի քարտուղարության հայտարարության մեջ ընդգրկվի։ Պետք է ասեմ, որ այդ ժամանակ բավականին երկրներ դեմ եղան՝ Ռումինիայի եւ մի քանի  այլ երկրների պատգամավորներն ասացին, որ չեն կարող ստորագրել, քանի որ ունեն իրենց արտաքին քաղաքականության խնդիրները»,-նշեց նա։ Այնուամենայնիվ, Ուղղափառ պառլամենտականների միջխորհրդարանական վեհաժողովի տարեկան գրքույկում հայկական պատվիրակությանը հաջողվել է մեկ նախադասություն ընդգրկել, որում ասվում է. «Ուղղափառ պառլամենտականների միջխորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության ուժեղացման կապակցությամբ»։ Պարոն Ախոյանի խոսքով՝  այստեղ կարեւոր հանգամանքն այն է, որ, կարելի է ասել, Ղարաբաղն ընդունվում է որպես առանձին կողմ։