Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պրեսս Ստենդ»-ից դժգոհողները դիմեցին ՄԻՊ-ին (տեսանյութ)

Հասարակություն
index

Թերթերի ու ամսագրերի վաճառքով զբաղվող «Պրեսս Ստենդ» ընկերության աշխատակից Ռուզաննա Քոչարյանն արդեն մոռացել է՝ երբ է վերջին անգամ ստացած աշխատավարձն իր կարիքների համար ծախսել։ «Ես ութ ամիս է աշխատավարձ չեմ ստանում, գնում եմ ստորագրում եմ երեք ամսվանը, միանգամից թողում եմ Պրեսս Ստենդին ու գալիս եմ»,- ասում է նա։ 67-ամյա կնոջ պատմելով՝ աշխատանքի ընդունվելու հենց առաջին օրը 100 000 դրամից ավելի պակասորդ է դրվել իր վրա։ Ինքն այն վճարել է, բայց խնդիրները դրանով չեն ավարտվել։ «Արդեն չեմ հիշում ինչքան եմ վճարել՝ 110 000 մեկ եմ վճարել, 117 000  մեկ եմ վճարել, 165 000 մեկ եմ վճարել, 65 000 մեկ եմ վճարել ամեն ամիս։ Հենց գալիս է, որ պիտի վերջանա մեկ էլ մի հատ ուժեղ թիվ նորից գալիս է»։ Տիկին Ռուզաննայի համոզմամբ՝ տարբեր պատճառներ բերելով ընկերության գույքագրողներն իր անունով պակասորդներ են հաշվում ու գումարը հետ պահանջում։ «Ապրանք եմ ստանում և ինչ եմ տեսնում՝ համակարգչի մեջ գրված է 2 բլոկ սիգարետ, իսկ ընդհանուր իմ թղթերի մեջ ոչինչ չկա, նայում եմ, զանգում առաքիչին , ասում է՝ ես չեմ ուղարկել սիգարետ 6000 դրամ։ Եթե օրական 6000 մենք խաբվենք որտե՞ղ կգնա կհասնի։ Մենակ ես չեմ՝ կրպակավարների 80%-ը մղկտում են գույքագրման բաժնից»,- նշում է տիկին Ռուզաննան։ Աշխատանքը կորցնելու մտավախություն ունենալով «Պրեսս Ստենդ» ընկերության աշխատակիցները հրաժարվեցին տեսախցիկի առաջ ներկայացնել իրենց բողոքները։ Դա արեց արդեն 3 տարի ընկերության աշխատակից չհանդիսացող Նարինե Գրիգորյանը։ «Ընկերությունն աշխատում է մենակ իր համար՝ չմտածելով աշխատողների մասին, աշխատավարձը նորմալ չի տալիս, աշխատացնում է աշխատանքի ժամերից դուրս ու չի վճարում, ուղարկում է արձակուրդ ու չի վճարում, արձակուրդային տալիս աշխատացնում է ու աշխատավարձ չի տալիս»,- ասում է տիկինը։ Նրա պնդմամբ՝ աշխատել է առանց հանգստյան ու տոնական օրերի, աշխատանքային ժամանակը տևել է 10 ժամից ոչ պակաս։ Սակայն սա միակ խնդիրը չէր «Պրեսս Ստենդում»։ «Ես արձակուրդ գնացի, 15 օր ինձ թույլատրեցին, եկա աշխատեցի, չվճարեցին։ Եկավ աշխատավարձի ժամանակը աշխատավարձ չտվեցին, պահանջեցի, որ վճարեն ասեցին՝ չի հասնում, արձակուրդի մեջ ես։ Պահանջեցի, որ աշխատավարձը վճարեն՝ ասեցին դիմում գրի, ազատվի»,- հիշում է Նարինե Գրիգորյանը։ «Պրեսս Ստենդ» ընկերության ղեկավարությունը, սակայն, չի ընդունում հնչած փաստերի առկայությունը։ Տնօրենի պնդմամբ՝ գործող 320 կրպակից ընդամենը 25-30-ի դեպքում է պակասորդ գրանցվում։ «Այս տիպի խնդիրներ լինում է այն կրպակավարների հետ, որոնք վերցնում են գումար»,- մեր հարցին՝ այսինքն՝ ովքեր բողոքել են, վերցրե՞լ են գումար, նա պատասխանեց՝ «այո»։ Ընկերության տնօրենի վստահեցմամբ՝ իրենք չեն ստիպում աշխատողներին լինել արձակուրդում և աշխատել։ Նա մեկնաբանում է նաև սովորականից երկար աշխատելու մասին պնդումները.  «Այն կրպակավարը, որ ձգտում ունի ավել գումար ստանալ, ինքը ավել է աշխատում, որ ավելի շատ վաճառք անի, ավելի շատ ստանա»։ Տնօրենի հավաստմամբ՝ ընկերությունից դժգոհների հետ իրենք կխոսեն դատարանում, իսկ նախկին և ներկա կրպակավարներն այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմում հանձնեցին՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության հույսով։