Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քավության նոխազներին պատժում են». Հոկտանյանը՝ Պողոսյանի հրաժարականի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hoktanyan

«Քավության նոխազ այդպես չեն դառնում, քավության նոխազներին պատժում են»,-«Ա1+»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականին, և մասնավորապես հարցին, թե արդյո՞ք Միհրան Պողոսյանն իշխանության համար քավության նոխազ էր: Հոկտանյանը նշեց, որ պետք է սպասել եւ տեսնել՝ արդյո՞ք հրաժարականից հետո Պողոսյանը պատասխանատվության կենթարկվի. «Եթե մտածենք, որ հրաժարականներից հետո պատասխանատվության երբեք չեն ենթարկվում, ապա մեր գործունեությունն անիմաստ կլինի, մինչդեռ մենք կոռուպցիայի դեմ ծրագիր ենք իրականացնում, ունենք մշակված ռազմավարություն», -ասաց նա: Պարոն Հոկտանյանը նշեց, որ ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական չէր տա, եթե Պանամայի սկանդալը չլիներ. «Պանամայի սկանդալը իր հետ չէր կապված անձնապես, այլ պանամական մի իրավաբանական գրասենյակի: Այնտեղ միայն Միհրան Պողոսյանի անունը չէ, այլ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, դե, Պուտինի եւ ռուսական հայտնի դեմքերի մասին չեմ խոսում, կային նաեւ աշխարհահռչակ ֆուտբոլիստների անուններ»: Մեր դիտարկմանը, թե Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո  հնարավո՞ր է այլ հրաժարականներ եւս լինեն, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Հայտնի ասացվածք կա՝  բռնված չես, գող չես: Եթե բացահայտումներ լինեն, կլինեն հրաժարականներ: Ուղղակի ես չեմ պատկերացնում, որ որեւէ պաշտոնյա հիմա հրաժարական տա, եթե այդպիսի գործունեությամբ զբաղվել է եւ դա դեռ չի բացահայտվել»: Հիշեցնենք, ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի անունը շրջանառվում է պանամական Mossack Fonseca & Co  օֆշորային երեք ընկերությունում բաժնետեր լինելու, ինչպես նաեւ շվեյցարական բանկերում միլիոնավոր դոլարների հաշիվներ ունենալու հրապարակումներում։ Միհրան Պողոսյանն այսօր պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը,- իր քայլը մեկնաբանեց Միհրան Պողոսյանը։ -Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու՝ խոստանում է արդեն նախկին պաշտոնյան»։