Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Գրիգորյանը Զ. Փոստանջյանի խոսքերից շփոթվեց ու ջուրը թափեց (տեսանյութ)

Քաղաքականություն
saro-seyran

Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ-ն այսօր քվեարկեց ու մերժեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի նախագիծը «Բանկերի մասին» օրենքում փոփոխությունների մասին, ըստ որի՝ բանկերը ՓԲԸ-ից պետք է վերածվեն ԲԲԸ-ի: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից խոսափողներն անջատելու թեման. «Միանգամից խոսափողները հանեք այստեղից, եթե դրանք խանգարում են ձեզ, մարդիկ ասում են՝ սա է կարեւոր թեման: Օրինակ՝ առաջարկում եմ, որ օրակարգում ունենանք նախագիծ՝ էներգետիկայի մասին, եկեք սա սկսենք քննարկել ու նախարարին էլ հրավիրենք»: Գալուստ Սահակյանը կրկնվեց. «Պետք է հետեւել Կանոնակարգ օրենքին: Ոչ թալանին եք տիրապետում, ոչ փաստերին: Ասում ենք՝ տիրապետենք այդ տվյալներին ու հաջողությամբ ինչ-որ անում ենք, ժողովրդին ներկայացնենք: Իսկ խոսափողներն անջատում եմ Կանոնակարգին համապատասխան»: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկնեց իր նախագծի վերաբերյալ հարցը, որը վերաբերում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնանկ անելուն. «Ես այդպես էլ ձեզնից պատասխան չստացա՝ իմ նախագիծը երբ է դրվելու շրջանառության մեջ»: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դա դատախազության գործառույթն է, իսկ ԱԺ-ն դատավոր չէ: Երբ տիկին Փոստանջյանը խոսում էր իր նախագծից, այդ ընթացքում ի տարբերություն ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի, որը զարմանալիորեն հանգիստ լսեց նրան մինչեւ վերջ, նրա զինակից Մանվել Գրիգորյանի նյարդերը տեղի տվեցին. այդ պահին նա պատրաստվում էր ջուր խմել, սակայն շշի տարողությունը թափեց սեղանին, իսկ ապա՝ սկսեց ջանասիրաբար մաքրել սեղանն ու ջուրը թափել գետնին: