«Վարորդները հարձակման են ենթարկվում». ավտոերթ՝ տուգանքների դեմ (տեսանյութ)
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 25-ին, ժամը 14-ին, Թբիլիսյան խճուղուց ավտոերթ կանցկացնի՝ տեսախցիկների տուգանքների եւ կարմիր գծերի դեմ։ Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանի խոսքով, վարորդները հարձակման են ենթարկվում, որը հետապնդում է ամեն գնով վարորդներից գումար կորզել։ «Ես ինքս իմ մաշկի վրա զգում եմ՝ ինչ է նշանակում լինել անընդհատ այդ կամերաների ուշադրության կենտրոնում եւ ամեն վրիպակի համար 5 հազար դրամ տանել ու մուծել։ Գիտեք՝ ամսվա մեջ մի քանի անգամ էդ 5 հազարները, որ գալիս է, դու հասկանում ես, որ աշխատում ես ինչ-որ մեկին կերակրելու համար։ Մեկ էլ տեսնում ես, կարդում ես, որ 15 մլրդ դրամի չափ ինքը տարվա մեջ եկամուտ ա ստացել։ Ինչի՞ համար, որ կարող է քո վրիպակի, անուշադրության պատճառով գիծ ես հատել կամ կպել այդ գծին, կամ այնպես չես կանգնել եւ պետք է հարստացնես ինչ որ մեկին։ Սա աբսուրդի ոլորտից է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վարդան Հակոբյանը։ Նախաձեռնության անդամը վստահեցնում է, որ իրենք տեսախցիկների դեմ ոչինչ չունեն, խնդիրը տուգանքի չափն է. «Կապված մինիմում աշխատավարձի եւ տուգանքների չափի հետ։ Երբ չկա կյանքին սպառնացող վտանգ, ասենք՝ մեքենան տեղաշարժվելուց գիծ է հատել, անհեթեթություն է, որի համար տուգանվում է վարորդը։ Մեր պայքարը ձեւակերպված է շատ հստակ՝ հնգապատիկ իջեցնել տուգանքների չափը»։ Ինչ վերաբերում է կարմիր գծերին, ապա Վարդան Հակոբյանի խոսքով՝ իրենք պահանջում են վերացնել գծերը։ «Սա օրենքի դաշտից դուրս է եւ վերանայելու, վերախմբագրելու կարիք ունի։ Ինչ է նշանակում՝ իմ փողերով քաշած ասֆալտի վրա կարմիր գիծ է, եւ ասում են, որ սա իմ սեփականությունն է եւ այստեղ կանգնելու համար պետք է վճարել։ Եթե մեկն ուզում է ավտոկանգառների վրա բիզնես անել, ապա թող բարի լինի սարքի իր սեփական տարածքը, ես օգտվեմ իր ծառայությունից։ Բայց հանրային տարածքում մեքենան կայանելու համար վճարել՝ սա անհեթեթություն է»,-եզրափակեց Վարդան Հակոբյանը։