Մարզահամերգային համալիրը ապօրինի է համարում ԴԱՀԿ որոշումն աճուրդի մասին
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մամուլի միջոցով փորձ է անում իր անօրինական գործողությունները հասարակությանը ներկայացնել որպես իրավաչափ, ցանկանալով իրավական հարթությունից հարցը տեղափոխել այլ հարթություն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարզահամերգային համալիրի տնօրինությունը։ Հիշեցնենք՝ ԴԱՀԿ-ն հայտարարել էր Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը աճուրդի հանելու մասին որոշումը։ Տնօրինության նամակում նաեւ ասվում է. Այս փուլում նման գործելաոճը մեզ համար անընդունելի է, քանի որ սպառված չենք համարում իրավական ճանապարհով պայքարելու դատարանի և ԴԱՀԿ-ի անօրինական որոշումների դեմ: Փաստացի բյուջետային վարկ որպես այդպիսին Մարզահամերգային համալիրը չի ստացել, բայց համաձայնություն է տվել այլ պարտավորությունները վերաձևակերպելու պայմանին և պատասխանատվությամբ է վերաբերվում այսօրվա ներկայացված պահանջին: ԴԱՀԿ-ի կողմից խախտվել են` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և 8-րդ հոդվածը, համաձայն որի կողմին չի տրամադրվել փորձագետի եզրակացությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն պարզաբանման վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման: Նշված որոշումը մեր կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, սակայն գործը անհասկանալի պայմաններում անհետացել է դատարանից: Համոզված ենք, որ պատկան մարմինների գործուն միջամտության արդյունքում կասեցվելու են ապօրինի գործողությունները Մարզահամերգային համալիրի նկատմամբ: