«Ցավալի էր Շանթ Հարությունյանի ակցիայի նկատմամբ լռությունը»
Սեպտեմբերի 3-ից հետո քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությունը Արթուր Սաքունցի սրտով չէ. «Շատ ավելի ցավալի էր Շանթ Հարությունյանի ակցիայի նկատմամբ կանխամտածված լռության պահվածքը»,- ասում է նա: Այնպես որ` պարոն Սաքունցը եվրոպական արժեքների համար պայքարողներին կոչ է անում լինել համարձակ պայքարում և չորդեգրել իշխանության սկզբունքները. «Հայաստանում ուրեմն կարելի է առավոտը լինել ժողովրդավար, երեկոյան` դիկտատոր, ցերեկը լինել ավտորիտար կամ էլ դիկտատոր»: Եվրոպական ընտրությունը դարձել է միայն էլիտար անձանց ուղղությունը՝ կարծում է ակտիվիստ Գայանե Առուստամյանը. «Այն էլիտան, որը հենց ինքը եվրոպական ուղղություն ունի, բուժվում է Եվրոպայում, գումարներն է պահում Եվրոպայում, միևնույն ժամանակ այստեղ կյանքի որակը այնքան ցածր պահելով, որպեսզի հանրությունը վերածվի մի ընդհանուր գորշ զանգվածի»: Այսօր տեղի ունեցած քննարկմանը «Եվրոպական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամները քաղաքական ուժերին կոչ արեցին միասնական օրակարգով պայքարել Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցության դեմ: Այժմ կուսակցությունների գործելու ժամանակն է: Գտնում է քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը: «Մենք պիտի կարողանանք հասարակական պահանջը իջեցնենք կուսակցությունների վրա և իրենք գիտակցեն, որ իրենք պիտի պայքարեն»,- ասում է Աննան: Նա անհիմն է համարում այն պնդումները, թե Հայաստանը պետք է լինի ինքնիշխան: Անգամ այդ մասին բարձրաձայն գոռացողները ինքնիշխան չեն. «Ինքնիշխանության մասին գոռում-գոչում են նրանք, ովքեր իրականում սնվում են «Նաշա Ռոսիայից»»,- կարծում է ակտիվիստը: Իսկ կուսակցությունները նախաձեռնության կոչը չէին մերժել, սակայն պարզաբանել էին, որ կքննարկեն առաջիկա համաժողովների ժամանակ: Քաղաքացիական պլատֆորմի անդամներն էլ ահազանգեցին, եթե գնանք դեպի Մաքսային միություն, նման ձևաչափով հանդիպումները այլևս անթույլատրելի կհամարվեն մեր երկրում: