«Լիսկայի տխրահռչակ իշխանությունը կմնա Սյունիքում» (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանը կարող է շնչել, արտաշնչել ու կարող է անգամ հոգոց հանել, միայն թե՝ կալանավայրում ցմահ դատապարտվելով»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի խոսքին, ով ասել էր՝ իրավունք չունի՞ Սուրիկ Խաչատրյանը շնչելու։ Սամվել Հարությունյանը վստահ է՝ անցած 24 տարիներին Սյունիքի նախկին մարզպետը հազարավոր հանցանքներ է կատարել. «Մի մասը ես եմ ներկայացրել՝ ապացույցներով։ Իրավապահ մարմինները գիտեն, որ իմ ասածները զրպարտություն չեն, բայց նրանք ասում են, որ իմ ապացույցները բավարար չեն քրեական գործ հարուցելու համար»։ Ըստ Գորիսի նախկին քաղաքապետի՝ պատճառն այն է, որ Սուրիկ Խաչատրյանը եղել է իշխանության կողքին, եւ նրանք ատամներով են պաշտպանում նրան։ Սամվել Հարությունյանը ավելացրեց նաեւ, որ մինչեւ Սուրիկ Խաչատրյանը չհայտնվի բանտում, միամտություն կլինի մտածել, որ Գորիսում արդար ընտրություններ կլինեն. «Մայիսի 8-ին նույնպես չի լինելու։ Լիսկայի տխրահռչակ իշխանությունը շարունակելու է մնալ Սյունիքում»։