Քրիստին Արժիլե -Ժան Կազանջյան զույգը՝ Ազգային պատկերասրահում (տեսանյութ)
Դալի, Կանդինսկի, Հանս Բելմեր: Երեք աշխարհահռչակ նկարիչների 15 գրաֆիկական աշխատանք Քրիստին Արժիլեն իր հոր` Պիեռ Արժիլեի անձնական հավաքածուից, որն ի դեպ Դալիի վերջին տարիների մոտ ընկերն ու հրատարակիչն էր, նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին: Դեռ 2011-ին արվեստաբան Քրիստին Արժիլե-նկարիչ Ժան Կազանջյան զույգը Հայաստան բերեց և հենց ազգային պատկերասրահում ցուցադրեց Դալիի, Բելմերի, Կիրիկոյի, Կանդինսկու տասնյակ գործեր` «Արժիլե» պատկերասրահի հավաքածուից: Նվիրատվության արարողությանը ներկա Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն առանձնացեց հատկապես Դալիի գործերը, որոնք Քրիստին Արժիլեի խոսքով՝ կարելի է դասել նկարչի լավագույն գործերի շարքին: Դեսպանը ընդգծեց, որ նվիրատվությունը կատարվում է երկրի նախագահի պետական այցից ընդամենը մի քանի օր անց և այն կարելի է դիտարկել որպես հայ-ֆրանսիական գործակցության յուրատիպ շարունակություն: Դեսպանը ներկա գտնվեց նաև Ժան Կազանջյանի ազգային պատկերասրահում ընթացող ցուցահանդեսի, ստեղծագործությունների կատալոգի շնորհանդեսին: Մի պատկերը մյուսի միջով, մյուսի հետ և միմյանց մեջ: Նկարված կտավից մի փոքր հեռու գտնվող՝ գրեթե աննշմար թափանցիկ պաստառը փոխանցում է սեփական նկարված պատկերը: Այս «պաստառ-նկարներում» Ժան Կազանջյանը ստեղծում է իր ինքնատիպ եռաչափությունն ու խորությունը: Ավելի քան հիսուն աշխատանք եռաչափից մինչև ֆորմալ դրվագանկարներ ու պղնձի վրա արված օֆորտներ, քաղաքային բնանկարներ, նաև հայկական թեմաներ` Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, նաև անդրադարձ Լեոնարդո դա Վինչիին, Միքելանջելոյին: Սա Կազանջյանի առաջին ցուցահանդեսն էր հայրենիքում: Նրա երազանքի իրականացումը: «Բեյրութահայ եմ, ապրել եմ Ֆրանսիայում, այժմ բնակվում եմ Ամերիկայում, բայց իմ արվեստի հիմքում հայկականն է»։ Նկարչի խոսքով՝ նա չի հարում արվեստի իշխող որևէ շարժման, չնայած միշտ էլ հակում է ունեցել դեպի սյուրեալիզմը և այսօր ավելի է մոտենում վերացական արվեստին: