Նկարիչը հայտնվել է ծանր պայմաններում (տեսանյութ)
Խորհրդային տարիների բարձր վարձատրվող նկարիչներից մեկը, ով պետպատվերների պակաս չուներ, այսօր տանիքի կարիք ունի: Հայտնի գեղանկարիչ Շոթա Խաչատրյանը, նույն ինքը` Շախը, հայտնվել է փոքրիկ կացարանում` այն էլ ժամանակավոր. «Հիշում եք` Դիոգենեսի լամպը, էն որ Դիոգենեսն օրը ցերեկով լամպով ման է գալիս, ասում են, թե խի՞ ես վառած ման գալիս, ասում է` մարդ եմ ման գալիս: Հիմա ես` էտ մարդն եմ ման գալիս, կհայտնվի, կլինի էն մարդը, որ կհասկանա, ինձ կօգնի բնակարանի խնդիրը լուծել, ես իմ աշխատանքով մի քանի անգամ ավելի շատ կվարձատրեմ նրան»,- ասում է նկարիչը: Նկարիչների միության ջանքերի շնորհիվ Ջրվեժի Գեղարվեստի Կոմբինատում Շախին մի փոքր կացարան են հատկացրել: Նրա նկարներն այլեւս սենյակի պատերից կախված չեն: Նկարիչն իր կտավները խնամքով փաթաթել է և համեմատաբար ապահով անկյուններում դրել. «Անձրևից հետո պատերը խոնավանում են: Ես դրա համար նկարները չկախեցի»: Սենյակում, որտեղ նա ապրում եւ ստեղծագործում է երևում է միայն նրա հայտնի «Երկրաշարժ» կտավը: Իր արվեստը Շոթա Խաչատրյանը համարում է գիտություն, նրա շատ գործեր առանձնանում են գուներանգների ներթափանցումներով, նա հայտնի է նաեւ իր գրաֆիկաներով: «Չե՞ք ցանկանում արդյոք ձեր նկարները վաճառել Վերնիսաժում», հարցադրումից զայրանում է. «Հայաստանում հայ մեր նկարիչները էնքան հզոր ու մեծ են, բայց չափազանց արժեքազրկված: Ինչքան ապուշություն կա ծախում են, հարյուր միլիոններով են ծախում, իսկ հանճարների գործերին սկի 1000 դոլար չեն ուզում տալ»,- պատասխանեց Շախը: Չնայած ծանր պայմաններին` Շոթա Խաչատրյանը չի երկմտում ու բողոքում ստեղծագործելուց; Իր դժգոհությունը համարում է համամարդկային, եւ ոչ թե մասնավոր: Մտածում է Աստծո, չարի և բարու պայքարից: Այսօր միայն մի ցանկություն ունի՝ ստեղծագործելու համար լիարժեք պայմաններ: