Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սոցիալական աշխատողի ինստիտուտը թույլ է». Սոցապ նախարար

Հասարակություն
Artem-Asatryan

Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների նկատմամբ հասարակության վերաբերմունքը բավականին բարելավվել է։ Այսօր համալիր սոցիալական ծառայությունների նոր մոդելի շուրջ ծավալված քննարկումից առաջ լրագրողներին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա հիշեցրեց, որ 2000 թվականից ի վեր Հայաստանում բարեփոխումներ են իրականացնում սոցիալական ծառայությունների մատուցման համակարգում։ Փորձարկվել են 19 տարածքային կենտրոններ, որոնցում մեկտեղված են բոլոր սոցիալական ծառայությունները։ «Այս պահին կարող եմ ասել, որ դեռևս թույլ է տուն այցեր իրականացնող սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս տարվա բյուջեում նմանաբնույթ ծախսերի փոխհատուցումը կատարելու համար միջոցներ են հատկացվել։ Արտեմ Ասատրյանի համոզմամբ՝ այս հանգամանքը էապես փոխելու է իրավիճակը։ Լրագրողները նաև հարց բարձրացրեցին սոցիալական աշխատողի ցածր աշխատավարձի մասին, նախարարը նշեց. «Նման խնդիր կա, սակայն 2014թ. հուլիսի 1-ից ներդրվելու է միասնական համակարգ աշխատանքի վարձատրության պետական ծառայության համակարգում, այդ առումով էապես բարձրացվելու է նաև սոցիալական աշխատողների աշխատավարձերը։ Ամենակարևորը այն է, որ միևնույն աշխատանքը կատարող տարբեր սոցիալական աշխատողներ նույն չափով վարձատրվեն, ինչը դեռևս այդպես չէ։ Այսինքն` կախված նրանից, թե աշխատողը, որտեղ է իր գործունեությունը ծավալում՝ պետական մարմնում, թե տեղեկան ինքնակառավարման մարմնում, աշխատանքի վարձատրության տարբերություններ կան»։ Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ միասին։