Մաքսայինին օգտակար կլինենք Եվրոպական կրթական կապիտալով (տեսանյութ)
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուղղությունն է ընտրում Հայաստանը, հանրակրթության համակարգը էական փոփոխությունների չի ենթարկվելու։ Կրթության եւ գիտության նախարարը վստահեցնում է՝ ավագ դպրոցների համակարգը շարունակելու է գործել՝ չնայած հնչող քննադատություններին։ «Որեւէ խոսք, որ մենք կարող ենք հետդարձ կատարել եւ վերադառնալ նախկինում գործող համակարգերին՝ լինի հանրակրթություն, թե բարձրագույն կրթություն, չի կարող լինել։ Հայաստանը չի կարող մեկուսանալ աշխարհից, եվրոպական կրթական տարածքից, որովհետեւ դա է պահանջում մեր երիտասարդների շահը»,- այսօր «Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Մաքսային միությանն անդամակցման գործընթացը եւս չի ազդելու գործող կրթական համակարգի վրա։ Արմեն Աշոտյանը նկատում է՝ ՄՄ-ն չունի յուրահատուկ կրթական հայեցակարգ, իսկ Հայաստանը, Ռուսաստանը եւ Ղազախստանը Բոլոնիայի կրթական համակարգի անդամներն են։ Հայկական կողմն այս դեպքում պատրաստվում է ինքը նախաձեռնող լինել։ «Մենք կուտակել ենք մեծ կարեւորություններ եւ կարող ենք օգտակար լինել Եվրոպական կապիտալով, իսկ եվրոպական կապիտալը կրթության բնագավառում աշխարհի լավագույն կապիտալներից եւ մշակույթներից մեկն է»,- նշեց պարոն Աշոտյանը։ Նախարարն այսօր մասնակցում էր «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանի բարեփոխումների վերաբերյալ» նախագծի կրթական ծրագրի Ազգային համաժողովին։ Քննարկվում էին ավագ դպրոցներում և բուհերում ԵՄ կենտրոնի կրթական ծրագրի փորձնական ներդրման ընթացքին վերաբերող հարցեր: « Կան որոշակի ծրագրեր, որոնք փորձում են շոշափելի տեսք տալ ծրագրերին, ինչը համահունչ կլինի Բոլոնիայի գործընթացներին եւ սկզբունքներին»,- հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան։ Այս համագործակցության շրջանակներում մի շարք ավագ դպրոցներում եւ բուհերում դասավանդվում է ԵՄ դասընթաց՝ կառույցի վերաբերյալ բազմաբովանդակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։