ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին1954 թվականին Եվրոպայի Խորհուրդը բոլոր եվրոպական պետություններին հրավիրեց միանալու Եվրոպական մշակութային կոնվենցիային: Այդ ժամանակից ի վեր Եվրոպայի Խորհուրդը 28 ցուցահանդես է կազմակերպել տարբեր եվրոպական երկրներում` ցույց տալով եվրոպական արվեստի միասնականությունը: Եվրոպական մշակութային կոնվենցիային Հայաստանը միացավ 1997 թվականին:
Այսօր Երեւանում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում տեղի ունեցավ «Եվրոպայի խորհրդի Մշակութային ցուցահանդեսների 50 տարիները» խորագրով ցուցահանդեսը: Դահլիճում փակցված պաստառներում ցուցադրված էին գեղարվեստական բոլոր մեծ ոճերը` սկսած Վաղ Բրոնզե դարաշրջանից մինչեւ Միջնադար, Վերածննդից, Դասական եւ Ռոմանական դարաշրջաններից ընդհուպ մինչեւ մեր օրերը:
Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի տնօրեն Սյուզան Մարուխյանն ընդգծեց, որ Եվրոպայի Խորհրդի ցուցահանդեսները Մշակութային կոնվենցիայով ամրագրված համագործակցության բեղունության պայծառ ապացույցն են, ինչը խթանում է Եվրոպայի միասնական մշակույթի գիտակցումը` ստեղծելով կրթական հնարավորությունների եւ մեթոդների զարգացման նախադրյալներ, խրախուսելով եւ դյուրին դարձնելով մարդկանց, գաղափարների եւ արվեստի գործերի ազատ շրջանառությունը:
ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Արմեն Բայբուրդյանը նշեց, որ ցուցահանդեսի կարեւորությունը` Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ մշակութային կամուրջների ստեղծման եւ մշակութային երկխոսության խթանման հարցն Է: