Ալլա Լեւոնյանը երկու անգամ փշաքաղվել է (տեսանյութ)
«Մենք պետք է ընդունենք մի փաստ, որ նմանատիպ մարդիկ աշխարհում շատ կան»,-անդրադառնալով Եվրատեսիլ-2014թ. երգի մրցույթի հաղթող Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստին, այսօր ասաց երաժիշտ Արտավազդ Բայադյանը։ «Էությամբ Եվրատեսիլը քաղաքական մրցույթ է։ Ընդունված տարբերակ կա, որ առաջին տեղը գրավածը շատ անսպասելի է հայտնվում։ Բայց այդպես չէ, Եվրոպան միշտ հաշվարկում է։ Ինձ համար անակնկալ չկար։ Ավստրիան ավելի հանդուրժող երկիր է։ Ավստրիայի ներկայացուցչի կատարումը շատ լավն էր, փայլուն էր։ Մեզ՝ հայերիս, թվում է, որ հեսա գնալու ենք ու նոր բան անենք։ Եվրոպային ոչ մի նորությամբ չես կարող զարմացնել։ Մենք Կոնչիտային մի տեսակ բորբոքված ենք ընդունում»,-նշեց պարոն Բայադյանը։ Մյուս բանախոս երգչուհի Ալլա Լեւոնյանն էլ նշեց, որ սա է այն Եվրոպան, որից մենք ուզում ենք օրինակ վերցնել։ «Ես չեմ ընդունում նման տեսակը։ Կարելի է լավ բաներն ընդունել եւ չընդունել նման բաները։ Արամի երգը շատ ճաշակով, որակով էր։ Երգի մեջ եղավ մի պահ, որ երկու անգամ փշաքաղվեցի։ Ուզում եմ, որ մենք ամեն տարի, որ ուղարկում ենք երգիչներ, էդ երեխեքի վրա մեծ լուծ չդնենք, որ իրենք էլ հուզվեն։ Ես կուզեմ, որ Արամը դուրս գա միջազգային ասպարեզ»,-ասաց երգչուհին։ Արտավազդ Բայադյանն էլ ժպիտով հիշեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հայտնի՝ «Մենք ու Ավստրիան ենք» արտահայտությունը։ Նրա կարծիքով, հայերը Ավստրիայի երգի օգտին են քվեարկել, որովհետեւ Կոնչիտային ոմանք ընկալել են որպես շոու։ Իսկ Ալլա Լեւոնյանն էլ վստահ է՝ Կոնչիտա Վյուրստի օգտին քվեարկել են ոչ լավ երգ երգելու համար. «Ցավը նա է, որ երբ որ Եվրոպան է դարձնում, ընդունում, նշանակում է, որ լավ է։ Մենք իրավունք չունենք, մենք ինքնապահպանման խնդիր ունենք։ Իսկ նման բաները ենթագիտակցության վրա ազդում է»։