Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրելու առիթով ՝ քրեական գործ

Հասարակություն
f1adc029bc02b17919678421772b9975

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու` քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ կայքից։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Արգիշտի Կիվիրյանը, խոսքը վերաբերում է անցյալ տարվա օգոստոսի 1-ին Երեւանի Քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրելու դեպքին։ Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այդ օրը նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, իրեն զրկել են ազատությունից, իսկ ոստիկանները չարաշահել են իրենց լիազորությունները։ «Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններն են պարտադրել, որ հարուցվի գործը»,- ասաց նա։ Սակայն «Armenia Today» կայքի համակարգողը որեւէ սպասելիք չունի ՀՔԾ-ից։ Նրա խոսքերով՝ Հատուկ Քննչական ծառայությունը փորձելու է կոծկել գործը, որպեսզի այն դատավարական ընթացք չունենա։ «ՀՔԾ-ն հովանավորում է ոստիկանությանը»,- եզրափակեց նա։