«Հարսնաքար»-ի գործն արդեն Վերաքննիչում է
Հարսնաքարի գործով 6 ամբաստանյալներին վերաքննիչ բողոքի կապակցությամբ արդեն դատավոր է նշանակվել։ Գործը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանին, իսկ մյուս երկու դատավորները կլինեն Եվա Դարբինյանն ու Գագիկ Ավետիսյանը։ Սակայն նիստի օրը դեռ նշանակված չէ։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը ընթերցեց «Հարսնաքարի» գործով վճիռը, որով 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը եւ Նորայր Հայրապետյանը մեղադրվում են 4 ռազմական բժիշկներին՝ Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին, Էդգար Նիկոյանին եւ Արտակ Բայադյանին ծեծի ենթարկելու մեջ։ Դաժան ծեծի արդյունքում ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Ապրիլի 25-ին նրանց պաշտպանները Վերաքննիչ բողոք էին ներկայացրել։ Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի եւ Դավիթ Ադամյանի պաշտպանները Վերաքննիչ բողոքում միջնորդել են կայացնել արդարացման ակտ, իսկ մյուս ամբաստանյալների՝ Գարիկ Մարգարյանի, Արթուր Բաբլոյանի եւ Նորայր Հայրապետյանի պաշտպանները միջնորդել են կամ պատիժը չկիրառել, կամ նշանակել արդարացի պատիժ։