ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում է գտնվում Ճապոնիայի ամենաազդեցիկ վարչապետերից մեկի ծոռնուհին` Հիդեկո Ուդագավան: Նրա այցն ամենեւին քաղաքական չէ: Հիդեկո Ուդագավան ժամանել է Հայաստան, որպեսզի ջութակահարի իր արվեստը ներկայացնի հայ հանդիսատեսին:
Վիրտուոզ ջութակահարուհին ուսանել է Նյու Յորքում եւ Լոնդոնում Նաթան Միլշտեյնի ղեկավարությամբ: Նա համերգներով հանդես է եկել 30 երկրներում, իսկ 31-ը Հայաստանն է: Նրա ձայնագրությունների թվում է Արամ Խաչատրյանին նվիրված CD-ն՝ դաշնակահար Բորիս Բերեզովսկու մասնակցությամբ:
Ինչո՞ւ Արամ Խաչատրյանի հենց այդ ստեղծագործությունը հարցին վիրտուոզ ջութակահարն ասաց. «Խաչատրյանի ռապսոդիան ավելի քիչ է կատարվում, այդ իսկ պատճառով որոշեցի այդ կատարել»:
Մայիսի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա վիրտուոզ ջութակահար Հիդեկո Ուդագավայի համերգը: Նրա հետ միասին հանդես կգա նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Այսօր այդ մասին տեղեկացրեցին Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Համերգի ընթացքում կհնչեն Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան, Չայկովսկու «Մտորում» ջութակի եւ նվագախմբի համար, Խաչատրյանի «Կոնցերտ-ռապսոդիա»-ն, Շոստակովիչի 9-րդ սինֆոնիան: