Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՅՍՕՐ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆՆ Է

Մշակույթ

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, որ իբրեւ տերունի տոն, տոնախմբվում է Քրիստոսի հարության 40-րդ օրը: Համբարձման պատմությունը շարադրված է Նոր Կտակարանում: Ս. Հարության մեծ եւ պատմական դեպքից անցել էր քառասուն օր, որոնց ընթացքում հարուցյալ Տերը խորհրդավոր կերպով, բայց միշտ մարդկային կերպարանքով բազմիցս երեւաց իր աշակերտներին` նրանց վերահաստատելով իրենց առաքելական կոչման եւ հավատի մեջ: Հարուցյալ Քրիստոս այդ 40 օրերի ընթացքում չդադարեց քարոզելուց` երեւալով Իր աշակերտներին:

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում այս տոնին հիշատակվում է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սբ. Էջմիածին փոխադրելու պատմական օրը։ Պատմական հանգամանքների թելադրանքով 484թ. ի վեր Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց աստվածահաստատ Սբ. Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս, եւ որտեղից դարեր շարունակ հայ ժողովրդին եւ Հայ Եկեղեցուն բաշխվում էր այն փառքի լույսը, որը Քրիստոս հանձնել էր հայոց հողին։

Ի հիշատակություն պատմական այդ օրվա Սբ. Էջմիածնում Համբարձման տոնի առիթով մատուցվող սբ. պատարագի ընթացքում Իջման Ս. Սեղանի առջեւ կատարվում է նաեւ Հայրապետական մաղթանք, որպեսզի անսասան մնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Հայրապետությունը։