Մարտին Վարդազարյանը Արամ MP3-ի հետ կխոսի առանձին
Երեկ երեկոյան Կոպենհագենում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն իր NOT ALONE երգով հաղթահարեց կիսաեզրափակիչն ու ստացավ եզրափակչի տոմս: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը երեկ շատ լարված հետեւել է մեր պատվիրակի ելույթին ու հիացած է նրա կատարմամբ. «Արամը հիանալի, տաղանդավոր արտիստ է, լսողություն շատ լավ ունի, մի խոսքով՝ հայ է իսկական»։ Մարտին Վարդազարյանը լարվածությունից անգամ չի նկատել՝ թերություններ կայի՞ն Արամի ելույթում, թե ոչ, բայց մի քանի դիտարկում կանի, միայն թե մրցույթի ավարտից հետո. «Արամի հետ կհանդիպեմ, առանձին իրեն կասեմ»: Կոմպոզիտորը, չնայած հրաշալի տպավորություններին, կոչ է անում բոլորին շատ լուրջ չվերաբերվել «Եվրատեսիլ» մրցույթին. «Ուղղակի ընդունեք այն՝ որպես հնարավորություն եւս մեկ անգամ ներկայանալ աշխարհին, հնարավորություն, որ երիտասարդներին սկսեն ճանաչել դրսում»։ Իսկ հաղթանակի շանսերի մասին Մարտին Վարդազարյանն ուղղակի պատասխանեց. «Արամ ջան, դա կարեւոր չի, կարեւորը, որ դու հիանալի հանդես եկար, իսկ հաղթելը կախված է սփյուռքահայերի ձայներից»: Ըստ նրա՝ Եվրատեսիլը միայն շոու է, որտեղ արվեստի կամ լավ երգի մասին խոսք լինել չի կարող: