«Միկոյանի արձանը տեղադրելով՝ կտեղադրենք Խորհրդային միության արձանը» (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանի՝ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում կանգնեցնելու որոշմանը դեմ է գրականագետ Դավիթ Գասպարյանը։ «Միկոյանի արձանը չպետք է դնել։ Նախ ասեմ, որ Եղեգնաձորում արդեն նրա արձանը կա, թող խնամեն այդ պուրակը։ Եթե ուզում են արձան դնել, թող դնեն նրա ծննդավայրում՝ Սանահին գյուղում։ Եթե դնում ենք Միկոյանի արձանը, ապա դնում ենք Խորհրդային միության արձանը։ Կարելի է փողոց անվանակոչել, դպրոց, բայց արձան Երեւանում չդնել։ Միկոյանն ազգային գործիչ չի եղել, նա եղել է խորհրդային գործիչ»,-ասաց Դավիթ Գասպարյանը։ Նրա ընդդիմախոս քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը գտնում է, որ մենք՝ հայերս, չպետք է ամեն ինչ բացասական ֆոնի վրա տեսնենք։ Անտեսելով Միկոյանի մասին քննադատությունները՝ նա կարծում է, որ Անաստաս Միկոյանը նաեւ լավ բաներ է արել եւ նրա արձանը Երեւանում կանգնեցնելու որոշումը պետք է քննարկման դնել։ «Պետք է դնել խորը քննարկման, բայց ոչ դաժանավարի։ Չպետք է չոր ասել, որ նա հրեշ է եղել»,-նշեց քանդակագործը։