Ինչքան ծիրան կունենանք այս տարի (տեսանյութ)
Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Արարատյան դաշտավայրում տուժել է հիմնականում ծիրանենին։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։ Ըստ փոխնախարարի՝ ծիրանի բերք կլինի Արագածոտնի մարզի Թալինի, Աշնակի տարածաշրջանում և Կոտայքի, Վայոց ձորի բարձրադիր հատվածներում։ Նա նաև ավելացրեց, որ այս տարի սպասվում է մոտ 8000 տոննա ծիրանի բերք։ Հիշեցնենք, որ անցյալ տարի մոտ 90 հազար տոննա ծիրանի բերք ունեինք։ «Վերամշակման և արտահանման համար այդքան ծիրան չի լինի, իսկ վերամշակողները կարող են այդ պակասը լրացնել այլ մրգերի՝ սև սալորի, դեղձի հաշվին», - ասաց Պետրոսյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ ցրտահարության հետևանքով տուժել են նաև վաղահաս դեղձենու, սալորենու այգիները, վնասվել են խաղողի սեղանի սորտերի միայն մի մասը։ Նա նաև ընդգծեց, որ խաղողի բերքի պակաս այս տարի չենք ունենա։ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի տվյալներով՝ ցրտահարության վնասը կազմել է 11 միլիարդ 181 միլիոն դրամ: Պետրոսյանի խոսքով՝ ցրտահարությունից տուժած գյուղացիներին աջակցություն կտրվի. « 278 մլն դրամ տրվել է գյուղացիներին հողի հարկի մարման համար, ոռոգման ջրի վճարը 50 տոկոսով կզեղչվի։ Ձեռք է բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացուներ, որոնք տրամադրվել են գյուղացիներին, ցանկության դեպքում գյուղացիներին խաղողի տնկիներ կտրամադրվեն», - նշեց փոխնախարարը։ Ի դեպ, փոխնախարարի խոսքով՝ վաղահաս կարտոֆիլի ցանքերի հետ կապված վնասներ չեն գրանցվել: