Անկախ բժիշկները չեն այցելել Վարդան Պետրոսյանին
Դերասան Վարդան Պետրոսյանին անկախ բժիշկներ չեն այցելել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից։ Սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկները Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Նա հիմա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում։ Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը ապրիլի 29-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր Նուբարաշեն։ Իսկ նրա պաշտպանն անհանգստացած է՝ արդյո՞ք Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի դեպքում նպատակահարմար է նրան պահել այս պայմաններում։ Դերասանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։ Եթե դատարանը դերասանին մեղավոր ճանաչի, նրան սպառնում է 4-10 տարվա ազատազրկում։ Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 16-ին։