Ապրիլին գնաճ է արձանագրվել (տեսանյութ)
Գնաճի հիմնական պատճառը էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումն է. 2014թ-ի ապրիլ ամսին մարտի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5% գնաճ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը. «Գնաճի հիմնական պատճառը պարենային ապրանքների գնի 0.9% բարձրացումն է։ Անցած ամիս նվազել է ոչ պարենային ապրանքների գները ՝ 0.1%-ով, եւ 0.1% հավելաճ է եղել ծառայությունների ոլորտում»: Գնաճի հիմնական պատճառը, ըստ բանախոսի, էլեկտրաէներգիայի ու գազի գնի բարձրացումն է, որը կազմել է գնաճի 2.5 %-ը։ 2014թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4%, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից՝ 0.7%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել Վաղարշապատում, ամենաքիչը՝ Գորիսում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնաճ, ինչը պայմանավորված է մրգի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի` 1.8-5.4% գնաճով. «Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.3-5.4% գնաճ, 6-ում` 0.7-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ»,- նշեց նա: Ի դեպ, Գուրգեն Մարտիրոսյանը հավելեց, որ վաճառվող ապրանքները դեռ անցած տարվա պահեստավորված ապրանքներ են, ու գնաճը ցրտահարության հետ կապ չունի: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում անցած տարի նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 20.9% , իսկ 2014թ. մարտի համեմատ`5.4% գնաճ։ Հիմնականում բարձրացել են լոլիկի, կանաչ սոխի, կանաչ պղպեղի, ճակնդեղի, գլուխ սոխի, սխտորի, կարտոֆիլի, բողկի, գազարի, կաղամբի գները. «Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է վարունգի` 27.1%, խառը կանաչեղենի` 18.5%, սմբուկի`10.5%, սնկի`0.8% գնանկում»,- նշեց նա։ 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 11.5%, իսկ 2014թ. մարտի համեմատ`2.1% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 10.7% գնանկում, իսկ 2014թ. մարտի համեմատ`1.8% գնաճ: 2014թ. ապրիլին մարտի համեմատ նարնջի գինն աճել է 0.5%-ով, ադամաթզինը` 0.9%-ով, խնձորինը` 3.0%-ով, տանձինը` 6.4%-ով, խաղողինը`7.7%-ով, նռանը`18.4%-ով: Անցած տարվա համեմատ արձանագրվել է նաեւ ոգելից խմիչքի և ծխախոտի`0.2%, հրուշակեղենի` 0.3%, այլ մթերքի` 0.3%, ոչ ոգելից խմիչքի`0.3% գնաճ: 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ մսամթերքի գները նվազել են 1.7%-ով, իսկ 2014թ. մարտի համեմատ գրանցվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ: Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. ապրիլին 2013թ. ապրիլի համեմատ աճել է 6.5%-ով, իսկ 2014թ. մարտի համեմատ գրանցվել է 0.7% գնանկում: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ, ինչը պայմանավորվել է հանրային սննդի` 0.2%, բուժսպասարկման` 0.3%, տրանսպորտի` 0.6% ծառայությունների սակագների հավելաճով: