Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ունենք այնպիսի արհմիություն, ինչպիսին երկիրն է» (տեսանյութ)

Հասարակություն
screenshot00003

Արհմիությունը կոչված է պաշտպանելու աշխատողների շահերը, սակայն Հայաստանում արհմիությունն ինքը պաշտպանված չէ: Այսօրվա ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: «Հաճախ մեր արհմիությունները համեմատում են արտասահմանյան, Ֆրանսիայի, Հունաստանի արհմիությունների հետ, բայց մենք ունենք այնպիսի արհմիություն, ինչպիսին երկիրն է»,- ասաց Փիլիպոսյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի 20 ճյուղային ոլորտում կան արհմիություններ՝ իրենց արհեստակցական կազմակերպություններով հանդերձ: Միքայել Փիլիպոսյանը որպես աշխատողների շրջանում ամենից տարածված խնդիր նշեց այն, որ գործատուն աշխատանքային պայմանագիր չի կնքում աշխատողի հետ, իսկ երբ ազատում է աշխատանքից, աշխատողը չի կարողանում պաշտպանել իրեն: Փիլիպոսյանը վստահ է, որ այսօր Հայաստանում ոչ մի խոշոր գործատու, այդ թվում` օլիգարխ պատգամավորները, արհմիություն չունի և չի էլ ուզում ունենալ: Նա ընդգծեց, որ արհմիության հիմնական դերը աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքները պաշտպանելն է: Ասուլիսի մյուս բանախոսը՝ փրփրապլաստի արտադրությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր, գործատու Իսահակ Աբրահամյանը նշեց. «Ոչ միայն աշխատողը, այլև գործատուն ունի կարիք արհմիության, որ պաշտպանվեն իր իրավունքները»։ Աբրահամյանի համոզմամբ՝ պետությունը պետք է ամեն կերպ նպաստի արհմիություններ ստեղծմանը, քանի որ դա էլ իր հերթին կնպաստի բիզնեսի զարգացմանը: Ձեռնարկատերը վստահ է, որ հզոր արհմիությունը միանգամից կլուծի այն խնդիրները, որոնք իրենք ունենում են պետության, հարկային մարմինների հետ: Իսահակ Աբրահամյանն անհրաժեշտ է համարում, որ պետությունն իջեցնի մանր ու միջին բիզնեսի հարկերը, նաև հաշվի առնի, որ բիզնեը կարող է հայտնվել ռիսկային գոտում: