Թեղուտի շահագործումից ՀՀ վնասը կկազմի հազարավոր տրիլիոնների
Մամուլի հաղորդագրությամբ՝ Սերժ Սարգսյանը, այցելելով Թեղուտի հանքավայր, ծանոթացել է համալիրի տնտեսությանը, հանքահարստացուցիչ ֆաբրիկային, իրականացված ներդրումներին և ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թեղուտ հանքավայրի շահագործումը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում և հանդիսանում է այդ համայնքների միակ արդյունաբերական ձեռնարկությունը: Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Թեղուտի նկատմամբ Սերժ Սարգսյանի հատուկ վերաբերմունքը վաղուց է հայտնի: Դառնալով վարչապետ, հաշվի չառնելով Թեղուտի նախագծի վերաբերյալ հրապարակված խիստ բացասական կարծիքները, նա առանց հապաղելու ընթացք տվեց այդ հանքավայրի շահագործմանը, այն էլ՝«բացառիկ հանրային գերակա շահի» կարգավիճակով: 2007 թվականի նոյեմբերի 1-ին նրա մասնակցությամբ մեծ շուքով տոնախմբություն կազմակերպվեց Թեղուտում, և հանքաքարի վերամշակման գործարանի հիմքում թաղվեց գալիք սերունդներին հղված ուղերձը: Այժմ էլ, բացարձակորեն հաշվի չառնելով մասնագետների և հասարակության կարծիքներն ու բողոքները, նույն տոնական տրամադրությամբ հայտարարում են, որ շուտով սկսվելու է հանքաքարի վերամշակման աշխատանքները, որը իբր մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում, երբ իրականում այդ հանքավայրի շահագործումը տակնուվրա է անելու ոչ միայն տեղի տնտեսական կյանքը, այլև կյանքն ընդհանրապես: Նախ, մինչ այդ շնորհանդեսին մասնակցելը Սերժ Սարգսյանը պետք է ուշադրություն դարձներ տարիներ շարունակ հնչեցվող այն հայտարարություններին, որոնք ցույց են տալիս, որ Թեղուտի նախագիծը լեցուն է թերհաշվարկներով և կեղծիքներով, որ այդ հանքավայրի շահագործմամբ մեր երկրին մեծածավալ տնտեսական, էկոլոգիական և այլ կարգի վնասներ են հասցվելու: Ասածը հաստատելու համար բերեմ մի քանի փաստեր: Vallex ընկերության կողմից կազմված նախագծում «Թեղուտ» հանքավայրի շահագործման հետևանքով ՀՀ տնտեսությանը հասցվելիք գումարային վնասը կազմում է 2,07 մլրդ դրամ (4,6 մլն դոլար, Նախագծում 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ է): Վնասվող, աղտոտվող և ոչնչացվող հողատարածքը 1491 հեկտար է: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով՝ անտառային հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, 1 հեկտարին՝ 100 մլն դրամ, այն դեպքում, երբ հսկայածավալ հողատարածքներ ունեցող Ռուսաստանում յուրաքանչյուր հեկտարի հաշվով՝ 2,6 մլն դոլար, այսինքն, 10 անգամ ավելի շատ, քան սակավահող Հայաստանի Հանրապետությունում: Եթե նույնիսկ հողի աղբակալման սակագնով հաշվարկենք այդ հողատարածքին հասցվելիք վնասը, ապա այն կկազմի 149,1 մլրդ դրամ (372 մլն դոլար): Պետք է նկատի ունենալ, որ այդ տարածքի զգալի մասը հավերժորեն մնալու է ծանր մետաղներ պարունակող պոչանքի և «դատարկ» ապարների տակ, իսկ բացհանքի 240 հեկտարը դառնալու է հարյուրավոր մետրերի խորության անդնդախոռոչ: «Թեղուտ» հանքավայրի Նախագծով, 25 տարիների ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար, արդյունքում առաջանալու է 290 մլն տոննա թափոն՝ մակաշերտ և «դատարկ» ապարներ: Նաև՝ վերամշակվելիք 175 մլն տոննա հանքաքարից, ըստ Նախագծի, կգոյանա 172,8 մլն տոննա պոչանք: Ծանր մետաղների բարձր պարունակությամբ պոչանքը պետք է համարվի վտանգավորության առաջին, իսկ «դատարկ» ապարները՝ երրորդ դասի թափոն: (ՀՀ «Թափոնների մասին» օրենքում հանքարդյունաբերական այս թափոնները միտումնավոր արտացոլված չեն, որպեսզի այդ թափոնները հարկման չենթարկվեն): Առաջին դասի վտանգավորության թափոնի մեկ տոննան շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց սահմանված է 48 000, իսկ երրորդինը՝ 4800 դրամ հարկ (1 տոննա պոչանքի դիմաց պահանջվող 48 հազար դրամ հարկը շատ փոքր է, քանզի ծանր մետաղներ պարունակող այդ փոշին, շրջակա միջավայրից մեկուսացնելու և հավանական վթարները վերացնելու համար հազարավոր տարիներ ֆինանսական ծախսեր է պահանջվելու): 172,8 մլն տոննա պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց հարկը կազմում է 8,294 տրիլիոն դրամ (20,73 մլրդ դոլար), իսկ 290 մլն տոննա թափոնից եթե 200 մլն տոննան համարենք «դատարկ» ապարներ, իսկ 90 մլն տոննան՝ ոչ վտանգավոր թափոն (յուրաքանչյուր տոննայի համար 600 դրամ), ապա պետությանը մուծելիք հարկը կկազմի 1,014 տրիլիոն դրամ (2,53 մլրդ դոլար): Այսինքն, միայն երեք տեսակի թափոնների (պոչանք, «դատարկ» ապարներ, մակաշերտ) դիմաց Vallex ընկերության վճարելիք հարկը կազմում է ավելի քան 9,3 տրիլիոն դրամ (23,26 մլրդ դոլար): Այն դեպքում, երբ, ըստ Թեղուտի Նախագծի, այդ հանքավայրի շահագործման արդյունքում «Vallex» ընկերության մաքուր շահույթը կարող է կազմել 406,2 մլն դոլար, իսկ Հայաստանի Հանրապետությանը վճարելիք շահութահարկը՝ 101,7 մլն դոլար: Նույնիսկ այս մոտավոր և ոչ ընդգրկուն հաշվարկներից արդեն երևում է, որ «Թեղուտը» ոչ թե հանքավայր է, այլ՝ հանքերևակում, քանի որ հանքանյութում օգտակար տարրերի պարունակություններն այնպիսին չեն, որ նրա շահագործումը օգուտ բերի և պետությանը և շահագործողին: Եթե Թեղուտի հանքավայրի շահագործմամբ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասը հաշվարկվի բոլոր բաղադրիչներով և անկողմնակալ, ապա հասցվելիք վնասը կկազմի հազարավոր տրիլիոններ՝ընկերության ներկայացրած 2,07 մլրդ դրամի դիմաց: Փաստորեն, ընկերությունը թերհաշվարկներ ու կեղծ փաստեր ներկայացնելով գերշահույթ է հետապնդում: Ողբերգական է, որ մեր երկրի տնտեսագետները լռում են, իրավապահ օրգանները չեն տեսնում կատարվող բացահայտ հանցագործությունը... իսկ Սերժ Սարգսյանը, փաստորեն, աջակցում է ընկերությանը՝ դեռևս վարչապետ եղած տարիներից : Միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությամբ մեր երկրում ընդունվել են նաև ընդերքի հարստությունները կողոպտելուն աջակցող օրենքներ, որոնց կասեցման ուղղությամբ որևէ գործ չի կատարվում: Այդ օրենքները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության շահերին, ինչը կկանխի ժողովրդի ունեցվածքի կողոպուտը, ինչպես նաև շրջակա միջավայրի լայնածավալ աղբակալումը: Ահա թե ինչում պետք է դրսևորվի ՀՀ նախագահի առաքելությունը, եթե ի հարկե, նա իր ապագան կապում է Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է իրականացված ներդրումներին, ապա դա հիմնականում թանկարժեք տեխնիկա, սարքավորումներ, պայթեցիկ նյութեր գնելու, ինչպես նաև աշխատուժ վարձելու համար ֆինանսներ ծախսելն է, որպեսզի կարողանան փոխել գետերի հուները, պայթեցնելով և այլ միջոցներով քանդել սարերը, թափոնները տեղափոխել ու լցնել գետերի հուները ևկատարած մեծածավալ ավերածությունների համեմատությամբ՝ ընդամենը պղնձի ու մոլիբդենի չնչին քանակություններինտիրանալ նպատակով: Մեզ անհայտ է, թե 2007 թվականին վարչապետը և Vallex ընկերությունը ի՞նչ բովանդակությամբ ուղերձ են հղել գալիք սերունդներին, սակայն կարելի է գուշակել, որ խոսքը հանքավայրի շահագործման մասին է եղել: Այսօր, երբ ավելի ու ավելի ակնհատ են դառնում հանքավայրի շահագործման ավերիչ հետևանքներն ու սպառնալիքները, գալիք սերունդներին այլ ուղերձ հղելու անհրաժեշտություն է առաջանում: Այդ ուղերձը հարկ է, որ լիներ միայն Սերժ Սարգսյանի անունից, թերևս այսպիսի բովանդակությամբ. «Բազմակողմանի ու խորությամբ քննելով «Թեղուտի» հանքավայրի շահագործման ծրագիրը, հանուն ձեզ կասեցնում եմ այդ հանքավայրի շահագործումը, չնայած արդեն հարյուրավոր միլիոն դոլարների ծախսեր են կատարված: Միաժամանակ խոստանում եմ հետայսու շրջանցել Միջազգային կազմակերպությունների պարտադրանքները և մեր երկրում զարգացնել գյուղատնտեսությունը, իրական արդյունաբերությունը, կասեցնել արտագաղթը և հաստատել արդարադատություն: Հոգ չէ, եթե արածս պատճառ դառնա անգամ կյանքիս կորստին: Նաև ձեզ պատվիրում եմ. կառավարելով ձեր ընտանիքը կամմեր երկիրը՝խորությամբ ընկալեք ևմշտապես հիշեք ժողովրդական հետևյալ իմաստությունը. Երբ կհատվի վերջին ծառը,երբ կթունավորվի վերջին գետը, երբ կորսվի վերջին թռչունը, միայն դրանից հետո մարդիկ կհասկանան, որ փողը (դրամը)չի ուտվում»: Եթե Սերժ Սարգսյանը կասեցնի Թեղուտի հանքավայրի շահագործման աղետաբեր ծրագիրը, ապա իրոք գալիք սերունդները լինելու, ապրելու իրավունք կունենան, ակնհայտ է, որ նաև կասեն, թե տեսեք ինչ փառավոր նախնիք ենք ունեցել... Հակոբ Արբակի Սանասարյան Հայաստանի Կանաչների միության նախագահ