Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՐԶԻՉՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ

Սպորտ

ՈւԵՖԱ-ի մարզիչների արտոնագրման ՋԻՌԱ ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով Երեւանում է չեխ հայտնի մասնագետ Զդենեկ Սիվեկը: Նրա գլխավորությամբ` մինչեւ մայիսի 15-ը կվերապատրաստվի 19 մարզիչ, որոնք ամեն օր 2-ական դասընթաց-պարապունքներ են անցկացնում:

Զդենեկ Սիրեկը ընդգծեց, որ արդեն 5 օր ուսումնասիրելով հայկական ֆուտբոլը` նկատել է, թե ինչպիսի տաղանդավոր պատանի ֆուտբոլիստներ ունենք մենք. «Այս երեխաներին անհրաժեշտ են լավ մարզիչները, որպեսզի նրանք լավ ֆուտբոլիստներ դառնան: ՈւԵՖԱ-ն մարզիչները պատրաստում է ժամանակակից մեթոդներով, որը մենք իրականացնում են տարբեր երկրներում»: Անձամբ Սիվեկը Չեխիայում մոտ 100 մարզիչներ է պատրաստել. «Իմ պատրաստած մարզիչները հետագայում աճեցրել են Նեդվեդի եւ Բարոշի պես ֆուտբոլիստների»:

Անդրադառնալով հայ մարզիչներին` չեխ մասնագետը ասաց. «Նրանք բավականին գիտելիքներ ունեն, սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանան համակարգել իրենց իմացածը եւ աշխատել»:

Ըստ ՋԻՌԱ նախագծի, գոյություն ունի 3 որակի լիցենզիա: Լիցենզիան տրվում է այն մարզիչներին, որոնք համապատասխան դասընթացներից հետո կկարողանան հաջողությամբ հանձնել բավականին բարդ քննությունը: Յուրաքանչյուր մարզիչ նախ պետք է ստանա Բ կարգի լիցենզիա, որը հնարավորություն է տալիս աշխատել մանկապատանեկան թիմերի հետ: Բ կարգի լիցենզիա ստանալուց եւ առնվազն մեկ տարի ակտիվ մարզչական գործունեություն ծավալելուց հետո, յուրաքանչյուր մարզիչ կարող է մասնակցել որակավորման դասընթացների` Ա կարգի լիցենզիա ստանալու համար:

Հետագայում Ա կարգի լիցենզիա ունեցող մարզիչները հնարավորություն են ստանում մասնակցելու քննությունների` «ՊՌՈ» կարգի լիցենզիա ձեռք բերելու համար: «ՊՌՈ» կարգի լիցենզիան հնարավորություն է տալիս մարզիչներին մարզել յուրաքանչյուր ակումբ եւ յուրաքանչյուր ազգային հավաքական: