ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ «ԳԶՎՌՏՈՑ»
Աջակցիր «Ա1+»-ին
Կամերային երաժշտական թատրոնն այսօր կանգնած է կործանման եզրին: Թատրոնի կոլեկտիվը բաժանվել է երկու բանակի, եւ հակամարտությունն արդեն փորձ է արվում տարածել լրատվամիջոցների օգնությամբ:
Խնդիրն այն է, որ 3 ամիս առաջ մշակույթի նախարարի որոշմամբ թատրոնում նշանակվել է հերթական նոր տնօրեն՝ «Ալֆա Էլ» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Լեւոն Աբրահամյանը: Նրա ներկայացմամբ, անցած երեք ամիսների ընթացքում նա իր սեփական միջոցներից ներդրումներ է արել թատրոնում՝ փորձելով զարգացնել այն: Նորանշանակ տնօրենի ընդդիմադիրները՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանի գլխավորությամբ, պնդում են, որ իրենց նոր ղեկավարը տեղեկություն չունի թատրոնի բնույթից, ուստի աշխատակիցների անհարկի ընդունելություն եւ ազատում է իրականացրել: Կողմերը միմյանց ներկայացնում են բազմաթիվ այլ մեղադրանքներ եւս: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հասել է նրան, որ ապրիլի 18-ին անվանի արվեստագետներ Ալեքսանդր Գրիգորյանը, Վահե Շահվերդյանը, Երվանդ Ղազանչյանը եւ Սոս Սարգսյանը նամակ են ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ կոչ անելով նրան ուշադրություն դարձնել թատրոնում տիրող իրավիճակին: Նրանք կիսում են Արմեն Մելիքսեթյանի այն համոզմունքը, որ թատրոնի տնօրենի թեկնածուին պետք է ներկայացնեն թատրոնի աշխատակիցները: Նոր տնօրենի ընդդիմադիրները պնդում են, որ ունեն իրենց թեկնածուին. «Դա ոչ ես եմ, ոչ էլ իմ աղջիկը»,- նշում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Կոլեկտիվի մյուս կեսը, որը դժգոհ է գեղարվեստական ղեկավարից, նշում է, որ այդ մարդը «ամբարտավան է, յոլա չի գնում ոչ մեկի հետ, ինտրիգան է եւ բամբասող»: Այդ իսկ պատճառով, իր գոյության 7 տարվա ընթացքում Կամերային երաժշտական թատրոնն ունեցել է 7 տնօրեն եւ ընդամենը 6 ներկայացնում:
Արմեն Մելիքսեթյանի այսօրվա ասուլին եկել էին նաեւ նրա հակառակորդները, որոնք պարբերաբար իրենց գեղարվեստական ղեկավարի խոսքն ընդհատում էին տարբեր առարկություններով: Ասուլիսի վերջում եկավ նաեւ նորանշանակ տնօրենը, որին դահլիճի մի մասը դիմավորեց ծափերով: Նոր հակամարտությունը կանխելու նպատակով հրավիրված ասուլիսը հայտարարվեց ավարտված: Արմեն Մելիքսեթյանը միանգամից լքեց դահլիճը եւ հեռացավ, սակայն, նրա ընդդիմադիրները դեռ շարունակում էին դժգոհել նրանից եւ լրագրողներին փորձում ապացուցել, որ իրենց գեղարվեստական ղեկավարի հետ աշխատելը շատ բարդ է: