ՖՈՒՏԲՈԼԸ ԱՆՁՐԵՎ ՉԻ ՍԻՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին
Երեւանի «Կիլիկիան» այսօր «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում հյուրընկալել էր «Բանանցին»:
Այս թիմերի առաջին մրցավեճում 3:2 հաշվով հաղթանակ էին տոնել «Կիլիկիայի» ֆուտբոլիստները, ուստի «Բանանցին» առնվազն անհրաժեշտ էր 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` եզրափակիչ դուրս գալու համար: Հյուրերը հաջող սկսեցին հանդիպումը, եւ արդեն 11-րդ րոպեին Վահե Թադեւոսյանն առաջ մղեց «Բանանցին»: Մինչեւ ընդմիջում «Կիլիկիան» հաշիվը հավասարեցնելու 2 ռեալ պահ ունեցավ, սակայն ավելի լավ խաղաց «Բանանցի» դարպասապահը:
2-րդ կեսի սկզբնամասում «Կիլիկիայի» հարձակվող Սերգեյ Էրզերումյանին այնուամենայնիվ հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Քիչ անց Ռոմեո Ջենեբյանը կրկին առաջ մղեց «Բանանցին»: Սակայն 2:1 հաշիվը չօգնեց «Բանանցին», եզրափակիչ դուրս եկավ «Կիլիկիան»:
Մյուս կիսաեզրափակիչում «Միկան» Ոսկեհատում ընդունեց «Էստեղլալ Կոտայքին»: Առաջին կեսից հետո 2:1 հաշվով հաղթում էին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք առաջին մրցավեճում նույն հաշվով պարտվել էին: Սակայն հանդիպման 2-րդ կեսը հորդառատ անձրեւի պատճառով հետաձգվեց: